Ո՞ւմ հաշվին է խնայում սոցապ նախարարը
Ուրբաթ օրը ԱԺ-ում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ներկայացնելով իր ղեկավարած ոլորտի 2011թ. տարեկան բյուջեի կատարողականի հաշվետվությունը` նշել էր, թե նախորդ տարի իրենք 18,5 մլրդ դրամի խնայողություն են ունեցել:
168.am-ի հարցին, թե ինչի՞ հաշվին են արվել այդ խնայողությունները, սոցապնախարարը պատասխանեց. «Հիմնականը` 10,5 մլրդ դրամը, կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունքում խնայողություններն են: Ամբողջ տարվա ընթացքում իրականացվել են և՛ վարչարարական միջոցառումներ, և՛ տեղեկատվական շտեմարանի ուղղությամբ աշխատանքներ են տարվել, որոնցով նվազագույնի են հասցվել այն բոլոր խնդիրները, որոնց պատճառով մենք նախկինում ունեցել ենք պրոբլեմներ: Եվ տարին ամփոփվել է 10,5 մլրդ դրամ խնայողությամբ, և նշեցի արդեն` այդ խնայողության 5,5 մլրդ դրամը վճարվել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին` դրամական օգնությունների բարձրացման:
Այսինքն` նորից վերադարձվել է սոցիալական ծրագրերին: Մյուս ծրագրերով ևս եղել են խնայողություններ, մասնավորապես, ընտանեկան նպաստների, քանի որ աշխատանքներ տարվում են նաև ընտանեկան նպաստներ ծրագրում` հասցեականության բարձրացման ուղղությամբ, և ես նորից նշեցի ցուցանիշը, որ ընտանեկան նպաստին ուղղվող գումարների շուրջ 76%-%-ը բացառապես աղքատներին ուղղվող գումարներն են` համաշխարհային բանկի վերլուծությունների համաձայն, և դա համարվում է բավականին բարձր հասցեականություն: Իհարկե, չի կարելի ասել, որ ամեն ինչ շատ լավ է: Իհարկե, դեռ մենք ունենք բավականին շատ աշխատանքներ, իհարկե, հասցեականության բարձրացումը գերխնդիր է: Այսօր նաև ունենք ընդգրկման խնդիրը: Այսինքն` բացի բացառման սխալներից, նաև ներառման սխալներ կան` ընտանիքներ, որոնք պիտի ստանան աջակցություն, բայց չեն ստանում այդ աջակցությունը»: