![](/banners/BeFunky-design.jpg)
Բանդայի գործով դատական նիստը տեղի չունեցավ
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/banda3.jpg)
Բանդիտիզմի, ավազակություն, ավազակային հարձակում նախապատրաստելու, տրանսպորտային միջոցների ապօրինաբար տիրանալու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով այսօրվա նիստը տեղի չունեցավ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հիվանդության պատճառով:
Ինչպես նշեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում քննվող գործով նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը, ամբաստանյալին զննած բժշկի եզրակացությամբ, նա չի կարող մասնակցել դատական նիստին՝ առողջության վատթարացման պատճառով: Մինչև հոկտեմբերի 15-ը կայանալիք հաջորդ նիստը դատարանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից կպարզի, արդյոք ամբաստանյալն այս պահին, թե ընդհանրապես չի կարող մասնակցել դատական նիստերին:
Դատարանում անվտանգության նկատառումներով գտնվում էին մեծ թվով ոստիկանության ուժեր, հեռուստաընկերությունների տեսախցիկները տեղադրված էին դահլիճի վերջին շարքում:
Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են 6 անձինք: Ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին (վերջինս, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել) ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների` Ա. Հակոբյանը 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին կազմակերպել և ղեկավարել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
Նախաքննության տվյալներով մասնավորապես` Սամվել Դավթյանը և Դավիթ Գալստյանը մասնակցել են Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:
Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստության մեջ մեղադրվում են նաև Քյարամ Ամոյանն ու Արթուր Մանուկյանը: Վերջինս մեղադրվում է նաև իր մոտ եղած ատրճանակից ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակելու մեջ:
Արման Դալլաքյանը մեղադրվում է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին մասնակցելու մեջ:
Բացի այդ՝ կատարված խուզարկությունների արդյունքում Ա. Հակոբյանի և Դ. Գալստյանի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի, իսկ Ս. Դավթյանի և Ա. Դալլաքյանի մոտ՝ ափիոն տեսակի թմրամիջոց:
Բանդան վնասազերծվել է հերթական ավազակային հարձակումը նախապատրաստելիս, որը պետք է իրականացվեր Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառներով:
Հանցագործությանը մասնակից այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է: