ԵԹՖ-ն առաջարկում է փոխանակել ձվերը

Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան հաղորդագրություն է տարածել, որով դիմել է քաղաքացիներին իրենց կողմից ձեռք բերված սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերը նույն իրացման կետերում այլ օրերի արտադրության ձվերով փոխանակելու համար:

«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստացել է գրություն առ այն, որ սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերն ունեն կճեպի աղտոտվածություն, մատակարարներին հանձնարարել է իրացման ցանցից դուրս բերել ամբողջ խմբաքանակը:

Չնայած փորձաքննության արդյունքում ձվում վտանգավոր մանրէներ չեն հայտնաբերվել, այնուամենայնիվ մինչև առաջացած խնդիրների պատճառների պարզումը, ընկերությունը կոչով դիմում է քաղաքացիներին իրենց կողմից ձեռք բերված սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերը նույն իրացման կետերում փոխանակել այլ օրերի արտադրության ձվերով»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանի համաձայն՝ ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել էր շուկայահանված ձվի դիտարկում, որի արդյունքում պարզվել էր, որ «ԵԹՖ» ԲԲԸ-ի կողմից արտադրված՝ սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ ձվի խմբաքանակը չի համապատասխանում կճեպի մաքրության ցուցանիշներին, սպիտակուցը ոչ խիտ է, դեղնուցը՝ ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվում է), առկա է հոտ, որը բնորոշ չէ թարմ ձվին:

Ծառայությունը կոչով դիմել էր սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել նշված արտադրատեսակը:

Տեսանյութեր

Լրահոս