
ԿԸՀ-ն արտահերթ նիստում կքննարկի Երևանում և Շիրակի մարզում լրացուցիչ ընտրություններ նշանակելու հարցը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` սեպտեմբերի 29-ին արտահերթ նիստ է գումարելու:
Օրակարգում ընդգրկված է Երևան քաղաքի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ նշանակելու և ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցերը հաստատելու մասին հարցը:
Նշենք, որ Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքի պատգամավորի տեղը թափուր էր մնացել, երբ Սամվել Բալասանյանն ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ, իսկ Ավանի թիվ 1 ընտրատարածքի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելուց և մայոր Վահե Ավետյանի մահից հետո: