Ի՞նչ տարբերություն՝ տավա՞ր, թե՞ գոմեշ
ՀՀ կառավարության հինգշաբթի օրվա նիստում հրապարակվեցին այն ընկերությունները, որոնք Հայաստան գոմեշի միս են ներկրում։ Դրանց թվում էր նաև «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ն, որին բաժին է ընկնում ներմուծվող մսի 11.06 %-ը։
168.am-ը զրուցեց «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ տնօրեն Աղասի Դանիելյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչով է տարբերվում գոմեշի միսը տավարի մսից և ինչպես է իրացվում Հայաստանում։ «Ի՞նչ տարբերություն՝ տավա՞ր, թե՞ գոմեշ»,- ասաց Ա. Դանիելյանը՝ նշելով, որ գոմեշի միսն իր համային հատկություններով չի տարբերվում սովորական տավարի մսից։
Մեր այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է հանդիպել գոմեշի միս սուպերմարկետում, Ա.Դանիելյանը պատասխանեց. «Իհարկե հնարավոր է: Այդքան հազարավոր տոննաները բա ի՞նչ են լինում՝ վաճառվում են: Այն իր սննդային հատկություններով գրեթե չի տարբերվում»: Ընկերության տնօրենը նաև հաստատեց, որ գոմեշի միսն օգտագործվում է նաև մսամթերքի արտադրության մեջ։
«Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ ներկայացուցիչը նույնպես մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ընկերությունը պարզապես ներկրում և վաճառում է գոմեշի միսը` 1 կգ-ն՝ միջինը 1200-1300 դրամով:
Այդուհանդերձ, վաճառքում գոմեշի մսի առկայությունը պարզելու համար զանգահարեցինք «ՍԱՍ» և «Մոսկվիչկա» սուպերմարկետներ, որտեղից պատասխանեցին, որ նման միս չունեն: