Մեր իշխանությունները ոչինչ չարեցին նաև, երբ Ադրբեջանում Մանվել Սարիբեկյանը սպանվեց. Զարուհի Փոստանջյան
«ՀՀ կառավարությունն անգործության է մատնված». այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Վրաստանի բանտում 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանին:
Փոստանջյանի կարծիքով` Չախալյանին դատապարտելը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ վերջինս ներկայացնում էր ջավախքահայության շահերը: «Այս առումով մեր իշխանություններն անգործության են մատնված, կարծում եմ` կառավարությունը պետք է ամեն ինչ անի Չախալյանի ազատ արձակման համար: Մեր իշխանությունները դեռ այն ժամանակ ոչինչ չարեցին, երբ Ադրբեջան գերի ընկած Մանվել Սարիբեկյանին սպանեցին. եթե Ադրբեջանի դեմ քրեական գործ հարուցվեր, միգուցե Վրաստանն էլ այսօր սթափվեր»,-նշել է Փոստանջյանը:
Ի դեպ, Զարուհի Փոստանջյանին զարմացրել էր նաև այն հանգամանքը, թե ինչու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը նույնպես չարձագանքեց Վահագն Չախալյանին վրացական բանտում կտտանքների ենթարկելուն:
Հանդիպման վերջում Փոստանջյանը, անդրադառնալով Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս»-ի դեմ հարուցված քրեական գործին, նշել է, որ ինքն անձամբ դեմ է Օսկանյանին՝ որպես գործով կասկածյալ ներգրավելու Աղվան Հովսեփյանի պահանջին: