Կաթողիկոսն ընդունել է եզդիների հոգևոր առաջնորդին
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հյուսիսային Իրաքից Հայաստան ժամանած աշխարհի եզդիների հոգևոր բարձրագույն առաջնորդ Միրե-Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` ի դեմս եզդիների հոգևոր առաջնորդի շնորհավորելով հայաստանաբնակ եզդիներին` սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում սրբատեղիի օրհնության առիթով: Իր խոսքում Նորին Սրբությունը ուրախությամբ անդրադարձել է երկու ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին` նշելով նաև, որ եզդի ժողովրդի զավակները լիիրավ ինտեգրված են Հայաստանի կյանքին:
Հանդիպման ընթացքում Միրե-Միրա Թախսին Բեգը կարևորել է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը` գոհունակություն հայտնելով, որ եզդիները ազատորեն ապրում են իրենց ազգային-կրոնական կյանքով, ինչի վկայությունն է Արմավիրի մարզում բացվելիք սրբավայրը:
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Իրաքի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Պարույր Հակոբյանը:
Հանդիպումից հետո պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռի թանգարաններ, ծանոթացել է հայ ժողովրդի ազգային-հոգևոր արժեքներին: