Հովարդ Բերմանը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին կոչ է արել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում արգելափակել Ադրբեջանի դերը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հովարդ Բերմանը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին կոչ է արել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում արգելափակել Ադրբեջանի դերը` ի պատասխան հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանաբար սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ալիեւի կառավարության կողմից ներում շնորհելու որոշման, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված նամակում Բերմանը նշել է Օբամայի աշխատակազմի կողմից տվյալ փաստի դատապարտման կարեւորությունը` ավելացնելով, որ սարսափելի ոճրի համար ավելին է անհրաժեշտ, քան դատապարտումը, իսկ ավելի կոնկրետ`համարժեք պատասխան:
Բերմանը մատնանշել է որոշակի գործողություններ, որոնք կարող է ձեռնարկել Պետդեպը, այդ թվում` կազմակերպել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համատեղ բողոք Իլհամ Ալիեւի դեմ, ՆԱՏՕ-ին կոչ անել դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին այնքան ժամանակ, մինչեւ որ Ալիեւը մարդասպանին կրկին կմեկուսացնի կամ էլ կվերադարձնի Հունգարիա, անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն եւ զենք մատակարարելը: