Եվրոպական կառույցների կողմից կիրառվող երկակի ստանդարտները անընդունելի են. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից 168.am-ին հայտնում են, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի և նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ:

Անդրադառնալով օրեր առաջ Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` Նաիրա Զոհրաբյանը ափսոսանք է հայտնել, որ չնայած ԱՊՀ միջխորհրդարանական առաքելության տված դրական զեկույցին, ԵԱՀԿ-ն կրկին բացասական գնահատական է տվել Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Հանձնաժողովի նախագահի կարծիքով` շատ կարևոր է, որ Բելառուսը` որպես հավասար գործընկեր, ներգրավված լինի Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում: «Պետք է աշխատել, որ եվրոպական կառույցների և եվրոպական հանրության կապը Բելառուսի հետ չընդհատվի, ինչը, իրապես, շատ կարևոր է Բելառուսում ժողովրդավարական զարգացումներ ապահովելու համար»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Կողմերը քննարկել են նաև վերջին շրջանում եվրոպական կառույցների կողմից կիրառվող երկակի ստանդարտների խնդիրը: Նաիրա Զոհրաբյանը անընդունելի է համարել, որ նույն եվրոպական հանրությունը աչք է փակում Ադրբեջանում տեղի ունեցող խայտառակ հակաժողովրդավարական գործընթացների և Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների` օրեցօր աճող թվի վրա` կիրառելով երկակի ստանդարտներ Արևելյան գործընկերության անդամ տարբեր երկրների հանդեպ:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել աշխատանքը, որ Բելառուսը հնարավորինս ակտիվորեն ներգրավվի համաեվրոպական գործընթացներում:

Կարևորելով եվրոպական ինտեգրացիան` Ստեպան Սուխորենկոն նշել է, որ իրենց ցանկությունն է լինել հավասար գործընկեր:

Տեսանյութեր

Լրահոս