
Ահաբեկիչները Իրաքում բանտ են գրավել

Ահաբեկիչներն այս գիշեր գրավել են Իրաքի Տիգրիտ քաղաքի բանտը, հայտնում է AFP-ն։
Իրաքի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ հարձակման հետևանքով զոհվել է երկու բանտապահ: Սակայն ոստիկանության տվյալների համաձայն՝ զոհվել է 4 բանտապահ և 2 ահաբեկիչ:
Ոստիկանության տեղեկություններն այն մասին, թե ինչպես են ահաբեկիչները բանտ ներխուժել, տարբեր են: Որոշ տվյալների համաձայն՝ նրանք կարողացել են մտնել բանտի տարածք, երբ նրանցից մեկը՝ մահապարտ-ահաբեկիչը, պայթեցրել է մուտքի դարպասները: Որոշ ոստիկաններ էլ պնդում են, որ ահաբեկիչների և բանտապահների միջև բախումները սկսվել են բանտապահների և կալանավայրի ղեկավարության վրա բանտարկյալների հարձակումից հետո:
Որոշ ականատեսների հավաստմամբ՝ ահաբեկիչները պայթեցրել են բանտի ցանկապատերի մի մասը, որի արդյունքում այնտեղից մոտ հարյուր կալանավոր է փախուստի դիմել:
Իրաքում նման հարձակում էր գրանցվել նաև օգոստոսի 1-ին, երբ ահաբեկիչները գրավել էին Բաղդադից հյուսիս գտնվող Թաջի քաղաքի բանտը՝ պայթեցնելով մուտքի դարպասները: