ՍԴ-ի որոշումը` առաջիկա ժամերին

Սահմանադրական դատարանը այսօր` սեպտեմբերի 28-ին գրավոր ընթացակարգով սկսել է քաղաքացի Գրիգոր Վահանյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը:

Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ գործակալության` գործով զեկուցող` ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը տեղեկացրել է, որ գործի դատաքննության նախապատրաստման փուլում կողմերը սահմանված կարգով և ժամկետներում ներկայացրել են բացատրություններ, ինչպես նաև իր դիրքորոշումն է արտահայտել Դատական դեպարտամենտը: ՍԴ անդամները առաջարկներ կամ միջնորդություններ չեն ներկայացրել:

Ա.Խաչատրյանը հայտնել է նաև, որ դիմող կողմից ներկայացված է միջնորդություն` վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով, ըստ դիմողի, փոխկապակցված համարված «Նոտարիատի մասին» օրենքի 67-րդ հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ: Զեկուցողը հայտնել է, որ առկա են գրավոր ընթացակարգին համապատասխան բոլոր փաստաթղթերը` խորհրդակցական սենյակում քննարկելու և գործով որոշում կայացնելու համար:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն, անդրադառնալով դիմող կողմի միջնորդությանը, նշել է, որ, ՍԴ-ի մասին օրենքի համաձայն, դատարանին իրավունք է վերապահվում գնահատել միայն տվյալ ակտի համակարգային առումով փոխկապակցված նորմերի սահմանադրականությունը, և մեկ այլ ակտի որևէ նորմի սահմանադրականության գնահատման իրավասություն ՍԴ-ն չունի:

Նա առաջարկել է միջնորդությանն անդրառնալ դռնփակ խորհրդակցության ժամանակ` գործով որոշում կայացնելիս:

ՍԴ-ն իր որոշումը կհրապարակի` այն պատրաստ լինելուն պես:

Նշենք, որ 204.32-րդ հոդվածով սահմանված են նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը: Վիճարկվող 1-ին կետով նման հիմք է, «եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն»:

Նշենք նաև, որ դատական նիստին մասնակցում էր որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովի ներկայացուցիչներ` Իրավաբանական վարչության երկու մասնագետներ: Դիմող կաղմը բացակայում էր:

Տեսանյութեր

Լրահոս