Երևանյան դելֆինարիումը կվերսկսի աշխատանքը
Երևանյան «Նեմո» դելֆինարիումը սեպտեմբերի 29-ից կվերսկսի իր ներկայացումները. այս մասին Tert.am-ին հայտնել է դելֆինարիումի տնօրեն Նատալյա Սամարեցը:
«Դելֆինարիումի առաջին ներկայացումը կլինի ամսի 29-ին, ժամը 13:00-ին, երկրորդը 16-ին և նաև օրվա վերջին՝ ժամը 19:00-ին»,- ասել է նա և տեղեկացրել, որ ներկայացումը կտարբերվի նախորդից, քանի որ խումբը՝ դելֆինների և փոկի հետ, միասին նոր է:
«Ուկրաինայից Երևան նոր խումբ է եկել, նոր եվրոպական հյուրախաղային ծրագրով՝ նոր դելֆիններով ու նոր մարզիչներով, ինչը նշանակում է, որ դելֆիններն ու փոկը նոր հնարքներով կներկայան»,- ավելացրել է նա:
Նատալյա Սամարեցի խոսքով՝ երևանյան ներկայացումներն ընդհատվել էին ապրիլի վերջից, քանի որ դելֆիններն իրենց խմբի հետ գնացել էին հյուրախաղերի Ռուսաստանի Դաշնություն, Անապա քաղաք, որտեղ և ըստ նրա, այս պահին շարունակում են իրենց աշխատանքը:
Տնօրենը հերքել է մինչ այս բնապահպանների տարածած այն տեղեկությունները, թե դելֆիններին տեղափոխել էին, քանի նրանք հիվանդացել էին, իսկ հիվանդության պատճառը եղել էր դելֆինարիումի ոչ համապատասխան պայմանները:
«Ոչ, դա սուտ է և իրականությանը չի համապատասխանում: Դելֆինների հետ ամեն ինչ լավ է, նրանք ողջ և առողջ են և շարունակում են իրենց համարները ցուցադրել արդեն այլ քաղաքում»,- ասել է նա և նշել, որ, ըստ էության, սա ծովային կենդանիների խմբերի փոփոխություն է:
«Սա որոշակի չափով կրկեսի նման է, երբ մի կրկեսային խումբ գալիս է ներկայացումներ տալիս, ապա որոշ ժամանակ հետո գնում այլ քաղաք: Գրեթե նույն ձև էլ մեզ մոտ է: Մենք փոխանակում ենք ծրագրերը տարբեր քաղաքներում»,- ասել է նա:
Նատալյա Սամարեցի խոսքով՝ խմբի նոր ծրագիրը կոչվում է «Ծովային տաղանդներ», իսկ կարգախոսն է՝ «Բացահայտեք ձեր տաղանդը մեզ հետ»:
Դելֆինարիումի տնօրենը հստակ պատասխան չի տվել, թե գոհացնում է իրենց երևանյան ներկայացումներին հաճախելիությունը. «Ոչ մի տեղ հենց այնպես չի լինում, և հասկանալի է, որ դժվարություններ կան, հարցերը շատ են, որոնք և մենք փորձում ենք լուծել»,- ասել է նա:
Վերջում տեղեկացրել է, որ հստակ չեն կարող ասել, թե ծրագիրը Երևանում որքան ժամանակ կներկայացվի: «Երեք ամիս, գուցե, կես տարի, ամեն ինչ կախված է ներկայացումներին հաճախելիությունից: Հետո այս ծրագիրը կգնա այլ երկիր, այլ քաղաք, իսկ թե երբ՝ հստակ չէ: Կտեսնենք ինչպես կլինի, նոր ծրագրեր կլինեն, թե նույնը կրկնվի ևս կես տարի, դեռ հաստատ չգիտենք»,-ասել է նա: