«Տաշիր գրուպը» Ռուսաստանի խոշոր դեվելոփերների վարկանիշային ցուցակում չորրորդն է
RBC ամսագիրը կազմել է Ռուսաստանի խոշորագույն դեվելոփերների վարկանիշը՝ ըստ հասույթի չափի: Ցանկը գլխավորել է Օլեգ Դերիպասկային պատկանող «Բազովիյ էլեմենտ» հոլդինգի անդամ «Գլավստրոյ» ընկերությունը՝ $2,96 մլրդ հասույթով: Հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը վարկանիշում չորրորդն է՝ $2,6 մլրդ հասույթով։
2010-ի վարկանիշում «Գլավստրոյը» 9-րդ հորիզոնականում էր՝ $1 մլրդ հասույթով։ Նախորդ վարկանիշի համեմատ արձանագրված կտրուկ աճն ապահովվել է «Տրանսստրոյ» և «Բազելցեմենտ» մայր ընկերությունների հաշվետվությունների տվյալների կոնսոլիդացման շնորհիվ: «Գլավստրոյը» վարկանշված ընկերությունների ցանկում առաջինն է նաև ըստ պարտքի ծավալի՝ $2,72 մլրդ:
Երկրորդ հորիզոնականում Ալեքսանդր Սվետակովին պատկանող «Աբսոլյուտն» է, որի հասույթը 2011թ. կազմել է $2,93 մլրդ: Խմբի պարտքը ներկայում $100 մլն է։ Նախորդ վարկանիշի առաջատար ՍՈՒ-155 ընկերությունը, որը պատկանում է Միխայիլ Բալակինին, այս անգամ եզրափակում է վարկանիշի լավագույն եռյակը՝ $2,81 մլրդ հասույթով (պարտքը՝ $270 մլն):
Հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը վարկանիշում չորրորդն է՝ $2,6 մլրդ հասույթով ու պարտքի $350 մլն ցուցանիշով։ Հինգերորդ հորիզոնականում Անդրեյ Մոլչանովի ԼՍՌ ընկերությունն է՝ $1,77 մլրդ հասույթով:
Ցուցակում ընդգրկված ընկերություններից նախորդ վարկանիշի համեմատ ամենամեծ աճն արձանագրել է Արաս Աղալարովի Crocus Group-ը, որը դիրքերը բարելավել է 12 կետով և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Ընկերությունը 2011-ին $1,61 մլրդ-ի հասույթ է ապահովել։ Վարկանիշում ամենամեծ անկումն արձանագրել է Լև Լևաևին պատկանող AFI Development-ը, որը նախորդ 14-րդ հորիզոնականի համեմատ այս անգամ 30-րդն է: