
Իրանցիների մի մասը դժգոհ է Ահմադինեջադի ամերիկյան ելույթներից

26 իրանցի պատգամավորներ բացասաբար են ընդունել Նյու Յորքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի արած հայտարարությունները: Նրանց կարծիքով՝ Ահմադինեջադի հայտարարությունը համահունչ չէ Իրանի Իսլամական Հանրապետության արժանապատվությանը, ռազմավարությանը, քաղաքականությանն ու իմաստնությանը, տեղեկացնում է իրանական Mehr News լրատվական գործակալությունը:
Խոսքը գնում է ամերիկացի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ահմադինեջադի արած այն հայտարարությունների մասին, որ իրանա-ամերիկյան հարաբերությունները կարող են բարելավվել, և որ իրավիճակն այսօր ավելի լավ կլիներ, եթե այդ հարաբերություններն այլ լինեին նախորդ 33 տարիներին (1979 թվականին Իրանում իրականացվել է իսլամական հեղափոխություն):