Միջազգային դատարաններին ադրբեջանցի մարդասպանի հարցով Հայաստանից հայցադիմում դեռ չի եղել

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանի իշխանություններին արտահանձնելուց հետո դեռևս Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարաններին Հայաստանից հայցադիմում չի ուղղվել։
Այսօր՝ Գուրգեն Մարգարյանի ծննդյան 34-րդ տարեդարձի օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գուրգենի Մարգարյանի հետ Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցած, Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի քարտուղար Հայկ Մակուչյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ ինքը նույնպես պատրաստվում է Հայաստանից առանձին հայց ներկայացնել միջազգային բոլոր հնարավոր ատյաններին՝ իր իրավունքները ոտնահարելու հիմքով։
«Այն գտնվում է իրավաբանների կողմից ուսումնասիրման փուլում»,- ասաց Հայկ Մակուչյանը: Ապա հավելեց, թե այս հարցում Հայաստանի իշխանությունների օգնությունը չի ակնկալում, քանի որ ողջ պետական համակարգն աշխատում է այդ ուղղությամբ, հետևաբար. «Իմ կողմից դիմելու կարիք չկա»:
Հիշեցնենք, որ 2004թ.-ին Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածներով սպանել էր նույն դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006թ.-ի ապրիլին մարդասպան Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց վճիռը բողոքարկելու իրավունքի:
Միջազգային իրավունքի փորձագետ Լևոն Գևորգյանը, ով ևս մասնակցում էր հրավիրված ասուլիսին՝ նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ուղղված հայցը հիմնված կլինի «Կյանքի իրավունքի ընթացակարգային պարտավորության ոտնահարման» կոնվենցիայի վրա։
«Բացի կյանքի իրավունքի ոտնահարման կոնվեցիայի խախտումից, մենք գործ ունենք նաև «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի հավանական խախտման հետ: Այս կոնվենցիայի հիման վրա հնարավոր է գնալ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան, և ոչ թե ԵՄ մարդու իրավունքների դատարան»,- ասաց փորձագետը:
Փորձագետը նկատեց, որ Սաֆարովին արտահանձնելու հարցում ՄԻԵԴ–ում Հունգարիայի պատասխանատվությունը երկրորդական դեր կունենա:
«Հունգարիայի պատասխանատվությունը նրանում է, որ հանձնել է մարդասպանին: Հավանական հայց կարող է լինել տուժողի իրավահաջորդների կողմից ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի, կարող է հայց լինել՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի: Բոլոր դեպքերում Հունգարիան ածանցյալ է»,- մեկնաբանեց Լևոն Գևորգյանը:
Փորձագետը համոզված է, որ Մարդու իրավունքների Եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարաններում շատ մեծ է Հայաստանի հայցերը բավարարելու շանսը, քանի որ Ադրբեջանի կողմից մարդասպանին ներում շնորհելն արդեն իսկ միանշանակ փաստում է, որ կյանքի իրավունքի ոտնահարում է տեղի ունեցել:
Սակայն նրա խոսքով, ՄԻԵԴ–ը առավելագույնը կարող է անել հետևյալը՝ ֆինանսական հատուցում տալ տուժողին: Փորձագետը, միաժամանակ, կարևոր է համարում, որ միջազգայնորեն ապացուցվում է հետևյալ փաստը՝ պետության մասնակցությունը էթնիկ հողի վրա կատարված սպանությանը:
Փորձագետը նկատեց, որ միջազգային ատյաններում գործի քննությունը հնարավոր է տևի 3-ից 6 տարի, քանի որ, ըստ նրա, ԵՄ դատարանը արագ որոշումներ չի կայացնում:
Այսօր Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է, ու նրա ընկեր Հայկ Մակուչյանը խոսելով Գուրգենի մասին, երկու բառով նրան այսպես բնութագրեց՝ «բարի հսկա»:
Այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարության կողմից Ադրբեջանի իշխանություններին հանձնվեց մարդասպան Սաֆարովը, ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց ու արժանացրեց ազգային հերոսի կոչման. Սաֆարովին շնորհվել է մայորի կոչում, 8 տարվա կուտակված աշխատավարձ և բնակարան:

Տեսանյութեր

Լրահոս