Հայաստանում սովորում է 300 սիրիահայ երեխա, որոնց մի մասը սիրիական դպրոցական ծրագրով

Պաշտոնական տվյալները, թե քանի սիրիահայ է գտնվում Հայաստանում՝ դեռևս պատրաստ չեն: Մոտավոր հաշվարկներով Հայաստանում կա 2000 սիրիահայ: Այս մասին 1-in.am-ին հայտնել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

«Մենք գրություններ ենք ուղարկել Բավրայի և Բագրատաշենի մաքսային կետերին: Մյուս շաբաթ կլինեն պաշտոնական թվերը, թե քանի սիրիահայ է եկել ցամաքային ճանապարհով, քանիսը՝ մեքենայով: Մենք դիմել ենք նաև սիրիական և հայկական ավիաուղիներին, որպեսզի եկողների և գնացողների տարբերությունը հստակ իմանանք»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ Հայաստանում հաշվառված է 300 սիրիահայ դպրոցահասակ երեխա, որոնցից 228-ը հաճախում են դպրոց սիրիական ծրագրով. «Բոլոր դպրոցներին հանձնարարված է սիրիահայ երեխաների կարիքները հոգալ անվճար, այդ թվում՝ նաև դասագրքերի հարցը»:

Բուհերում սովորող սիրիահայերի մասին խոսելիս նշել է, որ պետական բուհերում ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի, սիրիահայ ուսանողների ուսման վարձը հավասարեցված է հայաստանյան ուսանողների վարձերին. «Նախկինի համեմատ համարյա 50 տոկոսով կրճատվել է: Նաև այն ուսանողները, ովքեր սոցիալապես անապահով են կամ ծնողազուրկ, կօգտվեն հավելյալ զեղչերից: Ընտանեկան դրությունը հաշվի առնելով հնարավոր է նաև սովորեն անվճար հիմունքով»:

«Ժամանակի ընթացքում կլուծվի նաև այն սիրիահայերի հարցը, ովքեր դիմել են անձնագիր ստանալու համար, բայց Սիրիայում կատարվող դեպքերի պատճառով անձնագրի ստացումը ձգձգվում է»,- ասել է Զաքարյանը, ապա հավելել. «Պետության կողմից «Հայաստան» հիմնադրամը բացել է հաշիվ, որպեսզի ցանկություն ունեցողները ներդրումներ անեն սիրիահայերի համար»:

Տեսանյութեր

Լրահոս