
Ռուսական ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Վրաստանի սահմանին

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռը, որը մարդասիրական օգնություն է տեղափոխել Հարավային Օսիա, հարկադիր վայրէջք է կատարել Վրաստանի տարածքում:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հարկադիր վայրէջքը պայմանավորված է եղել ուղղաթիռի նավիգացիոն համակարգի խափանմամբ:
«Ուղղաթիռը մարդասիրական օգնություն է տեղափոխել Հարավային Օսիա: Նավիգացիոն համակարգի խափանման հետևանքով այն հարկադիր վայրէջք է կատարել Ցխինվալից ոչ հեռու` Վրաստանի տարածքում: Սխալը գիտակցելով՝ օդաչուներն արագ վերադարձել են Օսիա»,- հայտարարել են ՌԴ ԱԻՆ-ից:
Ավելի ուշ ՌԴ արտգործնախարարությունը նույնպես հաստատել է, որ ուղղաթիռը վայրէջք է կատարել Վրաստանի տարածքում, սակայն արագ շտկել է սխալը: