Գործող նախագահը պետք է ձեռքը սեղանին խփեր և ասեր` «Վերջ, այսօրվանից չենք գողանում, ոչ թե` չեք գողանում»

Երեկ Հայ ազգային կոնգրեսը, վերջին տարիների ավանդույթի համաձայն, Անկախության տոնը նշեց Սարյանի արձանի մոտ: Միջոցառումը վարում էր ՀՀՇ նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը, ով 1990 թ. օգոստոսի 23-ին կարդացել է ՀՀ Անկախության գործընթացի սկիզբն ազդարարող հռչակագիրը:

«Մարդկության, բոլոր ազգերի մեծագույն տոնն Անկախության տոնն է: Այն կարևորվում է նրանով, որ դա ամբողջ ժողովրդի ձեռքբերումն է, և ոչ մի այլ տոն չկա, որի համար ժողովուրդը միասնական պայքարի, որի համար այդքան զոհաբերությունների գնա»,- հայտարարեց նա` ավելացնելով, որ մենք քիչ ենք ուրախանում այդ տոնով, որովհետև այդ արժեքը չի մատուցվում ինչպես հարկն է: «Հայաստանի անկախությունը պայքարող քաղաքացի է, ով հոգնեց` դավաճան է, ով խեղճացավ` դավաճան է, հույսով լեցուն դեպի հաղթական անկախություն: Կեցցե՛ նա, ով անկախության համար այսօր էլ պայքարում է»,- ասաց Ա.Մանուկյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավորի` Գագիկ Ջհանգիրյանի ելույթը նշանավորվեց նրանով, որ հենց նրա ելույթի ժամանակ հավաքվածներին միացավ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Գ.Ջհանգիրյանն իր ելույթում նշեց, որ «պետք է ժողովրդին վերադարձնել իշխանության ձևավորման սահմանադրական իրավունքը»: Ելույթ ունեցան նաև Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը և Հրանտ Բագրատյանը:

«Հայաստանի անկախացման ամբողջ ժամանակաշրջանում և հետագայում էլ Հայաստանը ղեկավարել են մարդիկ, ովքեր երբեք չեն ընկել քաղաքական կոնյունկտուրայի ճնշման տակ»,- ասաց Լ. Զուրաբյանը` հիշեցնելով, որ «Լևոն Տեր-Պետրոսյանն ուղիղ 5 տարի առաջ այս օրը հայտարարեց, որ ժամանակն է պայքարել»:

«Հիմա կասեք` 5 տարի է, պայքարում ենք, ինչի՞ հասանք: Ժողովուրդ ջան, որևէ տեղ նման ուժգնության շարժում չի եղել, ուղղակի մեր բախտը չի բերել, որ 5 տարվա ընթացքում այդպես էլ չունեցանք համաշխարհային ժողովրդավարության համախմբում, մեկ էլ Ղարաբաղի հարցն էր: Մեզ ծեծեցին, բանտեր մտցրեցին, բայց մենք չդադարեցինք պայքարել: Եթե շարունակում ենք, ուրեմն այսօր մենք տուն գնացողը չենք, ուզում է` աշխարհը մեզ հետ համերաշխ լինի, ուզում է` ոչ, մենք, միևնույն է, պայքարելու ենք ու հաղթելու ենք»,- ասաց նա: Երեկվա հավաքը, ինչպես միշտ, եզրափակվեց Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթով, որում նա` ի հեճուկս ոմանց ակնկալիքների, չխոսեց առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրվել-չառաջադրվելու մասին:

Լ. Տեր-Պետրոսյանը մասնավորապես ասաց. «Սիրելի ժողովուրդ, մենք հավաքվել ենք նշելու Անկախության տոնը: Ես մի անգամ ասել եմ` պաշտոնական տոներ չեմ սիրում, մանավանդ, երբ դրանք կազմակերպվում են վերևից, և հավուր պատշաճի խոսքեր են ասվում, որոնք դատարկություններ են: Ինձ համար սա է տոնը` այս ինքնաբուխ, սրտաբուխ տոնը, որովհետև այստեղ հավաքված են մարդիկ, որոնց ոչ ոք հարկադրաբար չի բերել այստեղ: Մենք ունենք պետություն և անկախություն, և, իպատիվ մեր և ձեր սերնդի` մենք ենք կերտել այդ անկախությունը: Իհարկե, այսօր շատերը գոհ չեն մեր պետականության այն վիճակից, որում մենք ապրում ենք: Այսօր էլ իմ ընկերները բազմաթիվ դառը ճշմարտություններ ասացին մեր իրականության մասին: Բայց ես ուզում եմ ասել, որ մի անլուծելի խնդիր չէ` մեր պետությունը դարձնել նորմալ, արժանապատիվ պետություն:

Բացարձակապես մի կարծեք, որ քաղաքագիտությունը շատ բարդ գիտություն է: Հակառակը, քաղաքագիտությունն ամենապարզ գիտությունն է, որը տեսնում է երկրի առաջ կանգնած խնդիրները և գտնում դրանց լուծումները: Որո՞նք են այսօր մեր երկրի առջև կանգնած խնդիրները: Այսօր ես տեսնում եմ ընդամենը հինգ խնդիր, պետք է լուծել հինգ խնդիր, որպեսզի մեր պետությունն` իսկապես դառնա ամուր, արժանապատիվ պետություն ազգերի իրավահավասար ընտանիքում:

Դրանք են` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղի հարցի լուծումը, շրջափակումների վերացումը, կոռուպցիայի արմատախիլ արվելը և օրինականության հաստատումը: Ուրիշ բան պետք չէ՛, ուրիշ հանելուկ չկա՛: Լուծե՛ք այդ խնդիրները և կտեսնեք` ինչպիսի պետություն կդառնա Հայաստանը: Բայց այս խնդիրները պետք է տարբերակել երկու մասի. առաջին երեքը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղի հարցի լուծումը և շրջափակումների վերացումը, դժբախտաբար միայն մեզնից կախված չեն, և ինչպիսի քաղաքականություն էլ մեր իշխանությունները վարեն, պետք չէ միակողմանիորեն այս հարցում իրենց մեղադրել:

Նրանք ունեն իրենց մեղքերը, բայց եթե անգամ անեին առավելագույնը, դա չի նշանակում, որ այդ խնդիրները կարող էին լուծվել, որովհետև, ինչպես ասացի, դա կախված է նաև արտաքին ուժերից` Թուրքիայից, Ադրբեջանից, միջազգային հանրությունից, միջնորդներից, որոնք փոխանակ խնդիրը լուծեն, իրար միջև հարցեր են լուծում: Բայց մյուս երկու խնդիրը` չգողանալը և օրինականության ապահովումը, որը նշանակում է և՛ ժողովրդավարություն, և՛ նորմալ ընտրություններ, և՛ մարդու իրավունքների ապահովում, և այլն, կախված են մեր իշխանավորներից: Ընդամենը բարի կամք կամ քաղաքական կամք է պետք, ինչպես հիմա ընդունված է ասել, այս հարցերը լուծելու համար:

Փոխանակ գործող նախագահը` խորհրդակցություն հրավիրելով, ծաղրի ենթարկեր մեր ժողովրդին (ես դա համարում եմ իսկապես ծաղր, ուրիշ ոչինչ չեմ ուզում սրա մեջ տեսնել), նա պետք է ձեռքը սեղանին խփեր և ասեր` «վե՛րջ, այսօրվանից չե՛նք գողանում, ոչ թե չե՛ք գողանում, այլ չենք գողանում»: Սա պիտի ասեր, և պիտի ասեր` «այսօրվանից հաստատվում է օրինականություն, թող մեկը փորձի խախտել օրենքը, անմիջապես պատժվելու է»: Եվ դա հնարավոր է անել: Մի՛ կարծեք, որ դա ինչ-որ խորհրդավոր բան է, որը փոխել հնարավոր չէ: Դա ո՛չ մենթալիտետի հետ է կապված, ինչպես ասում են, ո՛չ ավանդույթների հետ է կապված, երբ փորձում են այսօրվա կոռուպցիան արդարացնել իբր թե մեր ազգային ավանդույթներով: Ամեն ինչ սուտ է: Մի՛ գողացիր, և ոչ մի ավանդույթ գոյություն չի ունենա:

Ես չեմ ուզում դառը խոսքեր ասել մեր իրականության մասին, այսօր այդ օրը չէ: Այո՛, իրականությունը դառն է, այո՛, համատարած սրտնեղություն է տիրում, բայց հիշե՛ք` կան մնայուն արժեքներ` հակառակ այս բոլոր դառնությունների և սրտնեղությունների: Այդ արժեքներից գլխավորը Հայաստանի անկախությունն է և մեր պետականության վերականգնումը, ինչի առթիվ ես բոլորիդ սրտագին կերպով շնորհավորում եմ»:

Տեսանյութեր

Լրահոս