Աջ քաշի՝ կայնի

Կառավարության խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի տոնայնությունն ու դրանում հնչած արտահայտությունները, վարչապետին ու նախարարներին դիմելու ձևն ակտիվորեն քննարկվեցին հասարակության շրջանում: Ոմանք գտնում են, որ շատ էլ ճիշտ է արել Ս. Սարգսյանը, դրանց բոլորին «հասնում էր», և այլն:

Մարդկանց ավելի բանական ու ռացիոնալ մասը, որը, բնականաբար, չի ենթարկվել այդ խորհրդակցության քարոզչական ազդեցությանը, իրավացիորեն գտնում է, որ անթույլատրելի է վարչապետին կամ նախարարներին դիմել այդպիսի ոճով ու տոնով, եթե անգամ նրանք թերացել են իրենց աշխատանքում: Թերացումը կամ վատ աշխատանքը ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող կատեգորիաներ են և ենթադրում են պաշտոնանկությունից մինչև քրեական պատասխանատվություն: Նախատինքը, «մուննաթը» դուրս են ֆորմալ իրավահարաբերություններից և հերթական անգամ վկայում են մեր պետության, հասարակության անառողջ լինելու մասին:

Կառավարության այդ խորհրդակցության ժամանակ Ս. Սարգսյանի ելույթի տոնն իրականում մարմնավորում է այն վերաբերմունքը, որ իշխանությունն ունի պետության, երկրի քաղաքացիների նկատմամբ: Պետությունը քաղաքացիներին լավագույն դեպքում վերաբերվում է այնպես, ինչպես Ս. Սարգսյանն էր իրական կամ քարոզչական նպատակներով վերաբերվում այդ օրը Տիգրանին, Դերոյին ու մյուսներին: Սերժ Սարգսյանն՝ ինքը,  հասարակության հետ հարաբերվում է այնպես, ինչպես այդ օրը՝ կառավարության անդամների հետ:

Դա կարող են հաստատել բոլոր նրանք, ովքեր երբևէ «պատիվ են ունեցել» երթևեկելու այն մայրուղիով կամ ճանապարհով, որով անցնում է նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը: Դա տեղի է ունենում հետևյալ կերպ. դուք թույլատրելի արագությամբ երթևեկում եք, ասենք, Երևան-Սևան մայրուղով, ու հանկարծ ձեր հետևից կայծակնային արագությամբ սլանում են պետավտոտեսչության մի քանի մեքենաներ ու սարսափազդու տոնով բարձրախոսով հայտարարում` «աջ քաշի` կայնի»: Այդ ահաբեկող արտահայտությունը մի քանի անգամ լսելուց հետո տեսնում եք, որ սլանում է նախագահական ավտոշարասյունը:

Այս օրինակը կարող է, իհարկե, մանր թվալ, սակայն լավագույնս արտահայտում է պետության, պետության ղեկավարի վերաբերմունքը քաղաքացիների հանդեպ: Տվյալ դեպքում խնդիրն ամենևին նախագահի անվտանգության ապահովումը չէ, որի անհրաժեշտությունը չենք վիճարկում: Այլ հարց է, իհարկե, անվտանգության մեքենաների քանակն ու որակը, դրանց վրա ծախսվող պետական միջոցները, սակայն դա կապ չունի այս թեմայի հետ:

Տվյալ դեպքում խոսքը բարձրախոսով վարորդներից «ճանապարհը մաքրող» ոստիկանների դիմելաձևի մասին է: Ո՞վ է ոստիկանին թույլ տվել, ո՞ր օրենքով է ամրագրված, որ նա կարող է ՀՀ քաղաքացուն դիմել «դու»-ով` համեմված  հայկական ավանդական «մուննաթով»: Նման հարցերը, սակայն, չեն կարգավորվում օրենքով: Ոստիկանի դիմելաձևն իրականում այն վերաբերմունքի արտահայտությունն է, որը պետությունը, բարձրաստիճան պաշտոնյաներն ունեն քաղաքացու նկատմամբ:

Ինքը՝ Սերժ Սարգսյանը, ամեն օր կամ օրը մի քանի անգամ լսում է, թե ինչպես է իր ղեկավարած երկրի ոստիկանը ոչ հարգալից տոնով դիմում, ավելի ճիշտ` սպառնում իր ղեկավարած երկրի քաղաքացիներին: Կարող էր, չէ՞, նրա մտքով որևէ անգամ անցնել՝ իր Անվտանգության ծառայության աշխատակիցներին կամ ոստիկանապետին հորդորել, որպեսզի ուղեկցող ոստիկաններին հանձնարարվեր նորմալ դիմելաձևով հարաբերվել ՀՀ քաղաքացիների հետ: Իհարկե, ուտոպիստական կլինի կարծել, որ կարելի է նաև ահաբեկելու փոխարեն՝ օգտագործել, ասենք, «խնդրում ենք՝ աջ ընդունել» արտահայտությունը: Կարելի է վստահաբար պնդել, որ այդ դեպքում քաղաքացիները ոչ միայն իրենց վիրավորված ու նվաստացած չէին զգա, այլ այդ վերաբերմունքը կփոխհատուցեին պետության, պետության ղեկավարի նկատմամբ փոխադարձ հարգանքով:

Սա, իհարկե, մանրուք է, սակայն նաև նման մանրուքներով է ձևավորվում հասարակության վերաբերմունքը պետության ու բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Իսկ երբ իշխանությունը քաղաքացու հետ խոսում է «դու»-ով ու «մուննաթով», ապա չպետք է ավելին ակնկալի նաև հասարակությունից: Ինչ վերաբերում է վարչապետին ու կառավարության անդամներին, ապա նրանք կարող են շատ չնեղսրտել: Ի վերջո, իրենք ևս ՀՀ քաղաքացիներ են, մի անգամ էլ իրենց է նախագահն ասել. «Աջ քաշեք՝ կայնեք»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս