«Ասացե´ք, տեսնեմ՝ ինչպիսի՞ արտադրողական ուժեր ունեք, ասեմ՝ ինչպիսի անկախություն ունեք»

Հայաստանի թիվ 1 մարքսիստ Դավիթ Հակոբյանի խոսքով` Անկախության տոնը բոլոր հայերի համար սրբություն է և իդեալ. «Երրորդ Հանրապետության երկունքը և երկունքի օրը որոշակի պատմական նշանակություն ունի, բայց ամեն անկախություն հարաբերական հասկացողություն է: Ասացե´ք, տեսնեմ՝ ինչպիսի՞ արտադրողական ուժեր ունեք, ասացե՛ք, տեսնեմ՝ ինչպիսի՞ դեմոգրաֆիկ ցուցանիշներ ունեք, ինչպիսի՞ կենսական տարածքներ ունեք, ասեմ՝ ինչպիսի անկախություն ունեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

«Քաղաքական անկախությունը նվաճելը դեռևս քիչ է. հարկավոր է ստեղծել այնպիսի քաղաքակրթություն կրող պետական համակարգ, որ ոչ միայն ապահովի ազգի ֆիզիկական և կենսաբանական անվտանգությունը, այլ նաև հայկական քաղաքակրթությանը տանի համաշխարհային քաղաքակրթության Օլիմպոս»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս եք նշում Անկախության 21-ամյակը, Դ. Հակոբյանը պատասխանեց, որ ինքն ընդհանրապես նման օրերին սիրում է դասական երաժշտության միջավայրում լինել. «Այս օրը պետք է լինել ժողովրդական, ոչ կուսակցական միջավայրում, անկեղծ կիսվել, փիքր անել ժողովրդի հետ անցած ուղու մասին և նոր պլաններ մշակել՝ ապագայի դժվարությունները հաղթահարելու համար: Տոնել պետք է բոլոր հարազատների և աշխատավորական կոլեկտիվների հետ՝ անկախ կուսակցական պատկանելությունից»:

Մարքսիստական կուսակցության նախագահի խոսքով` Հայաստանի Երրորդ Հանրապետությունը պետք է կառուցել նախկին՝ Երկրորդ Հանրապետության լավագույն ավանդույթների հիման վրա. «Երկրորդ Հանրապետությունը հայկական քաղաքակրթության 21-րդ դարի հրաշքն էր, որն իր արատավոր կողմերով հանդերձ՝ հայկական քաղաքակրթությունը բարձրացրեց մի նոր աստիճանի. Այդ քաղաքակրթությանը հասնելու համար մենք դեռ շատ պետք է մաքառենք»:

Ըստ Դավիթ Հակոբյանի` պետք է միշտ երեք հանրապետությունների քաղաքական-ժառանգական շարունակությունը փառաբանել. բոլոր հայերն, ըստ նրա, միևնույն ազգի տարբեր սերունդների և տարբեր հասարակարգերի քաղաքական, ժառանգական շարունակությունն են. «Պետք է ոչ թե անընդհատ փնովել Առաջին, Երկրորդ Հանրապետությունները, այլ միշտ տեսնել կապը, երեք հանրապետությունների ժառանգական-շարունակական կապը»:

 

Տեսանյութեր

Լրահոս