Պատասխանատու մարդկանց պաշտոնանկություններն անհրաժեշտ են, բայց՝ ոչ բավարար. Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ Հակոբ Բեգլարյանին պաշտոնից ազատելու մասին Տիգրան Սարգսյանի որոշմանը, ասաց, թե ինքը «կապ է տեսնում» սեպտեմբերի 15-ին կառավարությունում անցկացրած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցության ժամանակ քննադատությունների միջև:

«Թե արդյո՞ք այս քայլը կհանգեցնի որոշակի արդյունքի, որը մենք բոլորս ենք ակնկալում, ես դեռևս կխուսափեմ գնահատելուց: Պետական գնումների մեխանիզմում տեղ գտած ատկատների մասին մեր կուսակցությունը տարիներ շարունակ բարձրաձայնել է խորհրդարանական ամբիոնից, բազմաթիվ աղաղակող փաստեր է բերել, բարձրաձայնել ենք որոշ փոքր ու միջին բիզնեսով զբաղվող ներկայացուցիչների սնանկացման մասին, և այլն:  Պետական գնումների գործակալությունը մեծ շղթայի միայն մեկ օղակն է: Կան նաև այլ վերահսկող օղակներ, ինչպես մարզպետարանները, որոնք հաճախ մասնակից են այս ամենին: Ասել, թե ամբողջ շղթան սրանով կվերանա ու վերջ կդնի նման արատավոր երևույթների կրկնությանը, ես դեռևս նման համոզվածություն չունեմ»,- նշեց Ս. Սաֆարյանը:

Ըստ նրա` բարեփոխումների իրականացման համար առաջին հերթին պետք է հետևել օրենքի կիրառմանը: Ոլորտների պատասխանատու մարդկանց պաշտոնանկությունները, Սաֆարյանի պնդմամբ, դեռևս անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են:

«Հայաստանը հասել է այնպիսի հանգրվանի, որից այն կողմ այսկերպ շարունակելը վտանգավոր կարող է լինել երկրի, երկրի մրցունակության ու նաև իշխանությունների համար: Ուզում եմ հավատալ, որ իշխանությունը գիտակցում է այս մասին ու կշտկի: Անկախ նրանից՝ սա նախընտրական դիվիդենտներ ստանալու ցանկությո՞ւն էր, թե՞ ոչ, առկա՞ էին նախընտրական PR-ի էլեմենտներ, թե՞ ոչ, օբյեկտիվ իրողությունները բավարար են դառնում, որ իշխանությունը գնա լուրջ փոփոխությունների»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս