
Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստում կքննարկվի նաև Հարավային Կովկասի իրադրությունը

Առաջիկա շաբաթներին Ստամբուլում տեղի կունենա ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը: Ներկայումս ընթանում են տվյալ միջոցառման նախապատրաստական աշխատանքները, որոնց շրջանակում ՌԴ փոխարտգործնախարար Վլադիմիր Տիտովը հանդիպել է իր թուրք գործընկեր Ֆաթիհ Ջեյլանի հետ: Այս մասին տեղեկացնում է ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը մանրամասն քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր. «Հատուկ ուշադրություն է հատկացվել առևտրատնտեսական կապերի ու ներդրումային համագործակցության ընդլայնման խնդիրներին: Կարևորություն է տրվել էներգետիկայի ոլորտում ռազմավարական նախագծերի իրագործմանը, ինչպիսիք են Թուրքիայի տարածքում Աքքույուի ատոմակայանի ու «Հարավային հոսք» գազատարի կառուցումը:
«Կողմերը համեմատել են տարածաշրջանային և միջազգային առանցքային հարցերի շուրջ իրենց դիրքորոշումները: Խոսքը եվրոպական անվտանգության, Սիրիայում ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, կիպրական հակամարտության, Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի մասին է», ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: