Խորհրդակցությունից հետո լոլիկի և դեղձի մթերման ծավալներն աճե՞լ են
«ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում Արտաշատի պահածոների գործարանը, «Եվրոթերմ», ՄԱՊ, «Բյուրակն», «Բորոդինո», Արարատի սննդի կոմբինատ, «Լևոն», «Հայասի գրուպ» և «Արեգա» ընկերությունները ստանձնեցին 12850.0 տոննա լոլիկ և 3565.0 տոննա դեղձի մթերման լրացուցիչ պարատավորություններ»: Այս մասին այսօր 168.am-ին տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Հարցին, թե ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության ազդեցությունը մթերումների ընթացքի վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել, Ռ. Մակարյանը պատասխանեց.
«Խորհրդակցությունից հետո լոլիկի և դեղձի մթերումներ են սկսել իրականացնել «Բյուրակն», «Բորոդինո», Արարատի սննդի կոմբինատ, «Հայասի գրուպ», «Արեգա» և «Լևոն» ընկերությունները: Խորհրդակցության օրվանից մինչև այսօր մթերվել է շուրջ 8540.0 տոննա լոլիկ և 1900.0 տոննա դեղձ, կամ օրական միջին հաշվով մթերվում է 427.0 տոննա լոլիկ և 95.0 տոննա դեղձ, իսկ մինչև խորհրդակցությունը մթերվել էր շուրջ 13233.0 տոննա լոլիկ և 1812.0 տոննա դեղձ, կամ օրական միջին հաշվով մթերվում էր 367.0 տոննա լոլիկ և 38.0 տոննա դեղձ:
ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցությունից հետո լոլիկի և դեղձի մթերման միջին օրական ծավալներն աճել են համապատասխանաբար 60.0 և 57.0 տոննայով»: