Հակոբ Բեգլարյանին ազատեցին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` այսօր Հակոբ Բեգլարյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնից։
«Որոշումն ընդունվել է ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի¸ 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի¸ 122-րդ հոդվածի 1-ին կետի ու 123-րդ հոդվածի համաձայն: Ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 35-րդ կետն ու հաշվի առնելով ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքը և ՀՀ ֆինանսների նախարարի գրությունը»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել էր, որ պետական գնումների համակարգում արձանագրված չարաշահումները հիմնականում սխալ վարչարարության արդյունք են: Նա առաջարկել էր աշխատանքից ազատել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, որոնք կապ ունեն արձանագրված թերացումների հետ:
Երբ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել էր, թե կոնկրետ ո՞ւմ պետք է պաշտոնանկ անել, նախարարը նշել էր, որ խոսքը կենտրոնի ղեկավարի, տեղակալի և ստորաբաժանումների ղեկավարների մասին է:
Տիգրան Սարգսյանը հանձնարարել էր պատրաստել վերոնշյալ անձանց պաշտոնանկ անելու հրամանները:
Հիշեցնենք, որ Հակոբ Բեգլարյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է: