
Էրդողանը մտադիր է փոխել քրդերի դեմ պայքարի ռազմավարությունը

Թուրքական բանակը Բինգյոլի (Բյուրակն) նահանգում լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել երկրում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ. տեղեկացնում է Haber Türk թերթը:
Օրեր առաջ քուրդ զինյալները Բինգյոլում սպանել էին 10 և վիրավորել 60 զինծառայողի: Թուրքական բանակի այս մասշտաբային գործողությանը մասնակցելու է 2500 զինծառայող: Գործողությանը ներգրավված են նաև ուղղաթիռներ ու զրահատեխնիկա: Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մտադիր է փոխել PKK-ի դեմ պայքարի ռազմավարությունը:
Այդ մասին նա մանրամասն կխոսի սեպտեմբերի 30-ին կայանալիք իշխող` «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժողովում: Էրդողանը մասնավորապես անդրադառնալու է խորհրդարան մուտք գործելու համար սահմանված 10 տոկոսանոց շեմի նվազեցման և ժողովրդավար ճանապարհներով PKK-ի դեմ պայքարի ուժեղացման մասին: Նա կրկնելու է PKK-ին ուղղված իր կոչը` եթե քուրդ զինյալները վայր դնեն իրենց զենքը, ապա ռազմական գործողությունները կդադարեցվեն հարավարևելյան քրդաբնակ շրջաններում: