«Ադրբեջանը պատերազմ է հայտարարել ցանկացած հայի». Արծրուն Հովհաննիսյան

«Մեր հասարակության համար շատ կարևոր է հասկանալ, որ այսօր հակառակորդն ունի աննորմալ գաղափարախոսություն, որով սնում է իր հասարակությանը և իր ժողովրդին: Սկզբում մենք ծիծաղում էինք դրա վրա, բայց այսօր հասկանում ենք, որ այդ ամենի դրսևորումներն առարկայորեն վնասում են մեզ: Այդ դրսևորման օրինակներից է՝ քնած մարդուն կացնահարող զինվորը՝ սպան: Այսինքն՝ այս ամենը բերել է նրան, որ հայերն աշխարհի ցանկացած կետում վտանգված են ադրբեջանցիների կողմից: Արդյունքում՝ առարկայորեն վտանգված է ցանկացած հայ, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել ցանկացած հայի՝ մոլորակի ցանկացած կետում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ մենք վտանգված ենք բոլոր ոլորտներում անխտիր, լինի դա մշակութայի՞ն, պատմակա՞ն, թե՞ մեկ այլ: Նրա խոսքով` Ադրբեջանի նման պահվածքը բնորոշ է սովորաբար «կիսահասունացած էթնիկական միավորներին»: «Հասկանո՞ւմ եք, երբ էթնիկական միավորը թերարժեք է և դեռ ամբողջովին չի կայացել, նա խնդիր ունի միկրոիմպերիան պահպանելու՝ փոքր ազգերին կուլ տալու, ուրիշների մշակույթը կուլ տալու, տարածքները յուրացնելու, և այլն: Նրա համար այդ իդեոլոգիաներն արդեն, այսպես ասած, «նորմալ» են դառնում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ առաջին անգամ չէ, որ թերի ձևավորված հանրույթները փորձում են արտաքին թշնամու կերպարի տակ ստեղծել մի մեխանիզմ, որն ինչ-որ խնդիրներ է փորձում լուծել:

«Կարծում եմ, ազգային պետություն դառնալու ճանապարհին բոլոր ազգերն անցել են ինչ-որ փորձությունների միջով, և այստեղ կարևոր են իրական հաղթանակները: Հաղթող կողմը, այսինքն՝ մենք, պատերազմի կոչեր չի անում, իսկ պարտվող կողմն ավելի շատ պատերազմի կողմնակիցն է, միգուցե այդ ամենն ուղեղի լվացման արդյունքում է: Սակայն մենք պետք է այդ ամենին շատ լուրջ վերաբերվենք, քանի որ շինծու ազգային գաղափարախոսությունը և այդ քարոզչությունը շատ լուրջ ազդում են երեխաների և նոր սերնդի մտածողության վրա»,- ասաց Ա. Հովհաննիսյանը` նշելով, թե նման բաներ շատ ազգեր են փորձել, սակայն, երբ այդ շինծու գաղափարախոսությունը տապալվում է, այդ փշրանքների տակ մնում է կիսագոյացած ազգը, և մեծ կորուստներ են ունենում:

«Մենք պետք է գիտակցենք, որ քաղաքակիրթ դրսևորումներից մարդիկ շատ են հեռացել, և նման գաղափարախոսություն կա մեր հանդեպ: Առաջին հերթին՝ գուցե ծիծաղելի է, սակայն իրականում այն լուրջ վտանգներ է պարունակում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: Ըստ նրա` նման շինծու ազգային գաղափարախոսությունները վերջում փշրվում են, եթե դիմացի կողմը կարողանում է ճիշտ օգտագործել տապալման պահը:

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս