
Սիրիայում ընթացող գործողությունները սպառնալիք են նաև Իրանի համար. Ասադ

Սիրիայում ընթացող գործողությունները սպառնալիք են ոչ միայն Դամասկոսի, այլև տարածաշրջանում նրա երկու դաշնակիցների՝ Իրանի և «Հըզբոլլահի» համար:
«Այս պատերազմի թիրախը ոչ միայն Սիրիան է, այլև դիմադրության ամբողջ առանցքը»,- հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, Դամասկոսում ընդունելով իրանցի նախարարին՝ Ասադը նաև հետաքրքրվել է, թե ինչպես է անցել Կահիրեում «կոնտակտային խմբի» հանդիպումը, և հիշեցրել, որ Սիրիան միշտ պատրաստակամություն է հայտնել համագործակցելու բոլոր կողմերի և նախաձեռնությունների հետ, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի կարգավորմանը:
Իր հերթին Սալեհին հաստատել է «Իրանի անսահման աջակցությունը Սիրիայի կառավարության կողմից երկրում անվտանգությունը և կայունությունը վերականգնելուն ուղղված ջանքերին»:
Հիշեցնենք. օրերս Կահիրեում տեղի ունեցած «կոնտակտային խմբի» հանդիպմանը Սալեհին մերժեց Ասադին հրաժարականի կոչ անելու գաղափարը: