ՀՀ Աժ փոխնախագահն ընդունել է Արցախի ԱԺ պատվիրակությանը
ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանին, ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանին, ՀՀ խորհրդարանում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Ողջունելով ԼՂՀ խորհրդարանականների այցը Ազգային ժողով, Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորել է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, նշելով, որ սա համայն հայության տոնն է` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Նրա խոսքով, նման այցերը, որոնք վերջին շրջանում հաճախակի են դարձել, այն փաստի վկայությունն են, որ Հայաստանի ու Արցախի Ազգային ժողովների համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, ինչը պետք է իր շարունակականությունն ունենա:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը, որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախի հիմնահարցը ստանա արդարացի լուծում: Նա այս գործում մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: Աժ փոխնախագահի խոսքերով` այլևս փաստ է Արցախում ժողովրդավարական անկախ պետության կայացումը, ինչի լավ վկայությունն էին նաև վերջերս կայացած խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, որոնք միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի:
«Արցախը այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում. դա փաստ է, որը որևէ մեկի կողմից վիճարկման առարկա չի կարող լինել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` Ռ. Սաֆարովի ձեռքով գործել է Ադրբեջանի իշխանությունը, նրան ստեղծել է մի պետություն, որը ռասիստական, ֆաշիստական է և հայատյացություն է քարոզում: Այս առումով ՀՀ ԱԺ արած հայտարարությունը ուղերձ էր միջազգային հանրությանը, որ երկակի ստանդարտներն այլևս անթույլատրելի են:
Աժ փոխնախագահն ընդգծել է երկու կարևոր հանգամանք. նախ` Արցախը պետք է լինի բանակցային կողմ, քանի որ առանց ԼՂՀ իշխանությունների ու ժողովրդի որևէ մեկն իրավունք չունի որոշելու Արցախի ճակատագիրը, երկրորդ` բոլոր ուղղություններով, այդ թվում` խոհրդարանական դիվանագիտական ճանապարհներով, պետք է աշխատանք տանել, որպեսզի սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: Նա հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Արցախի միջազգային ճանաչումը սարերի ետևում չէ, և Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը այլընտրանք չկա»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Արթուր Թովմասյանը շնորհավորել է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ` մեր երկրին ցանկանալով տնտեսական առաջընթաց, կայունություն, խաղաղություն և միասնություն: «Եթե Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է, ապա դրանից մեծապես շահում է նաև Արցախի բնակչությունը, իսկ բանակցային գործընթացում փոքրանում է ճնշումների հավանականությունը»,- ասել է ԼՂՀ ԱԺ փոխնախագահը:
Նա տեղեկացրել թ, որ Արցախի խորհրդարանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Հունգարիայի կողմից Ռ. Սաֆարովին Ադրբեջանին հանձնումը, և վերջինիս կողմից նրա ազատ արձակումն ու հերոսացումը, ինչը սպասելի էր: «Այս փաստը ևս մեկ վկայություն է, որ Ղաղարաբաղի հայերը չեն կարող գոյատևել Ադրբեջանի կազմում»,- ասել է Արթուր Թովմասյանը, կարևորելով միջազգային հանրությանն այն իրողության հաղորդումը, որ անհնարին է ժողովրդավարական Արցախի գոյատևումը բռնապետական Ադրբեջանի կազմում:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: