ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորի դեմ մահափորձի գործով հանցակցին պատժել են 300.000 դրամով

Ազգային Ժողովի ԲՀԿ-ական  պատգամավոր Ռուստամ Գասպարյանի մահափորձի գործով անցնող Ռաֆայել Աշոտի Շահվերդյանին  Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանը 6 տարի անց ճանաչել է մեղավոր և դատապարտել տուգանքի` 300 հազար չափով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Ռաֆայել Շահվերդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` անձնական երաշխավորությունը թողնվել է անփոփոխ: Ռաֆայել Շահվերդյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ.ապրիլի 1-ին ժամը 15:30-ի սահմաններում իր հարեւան և ընկեր Սամսոն Պողոսյանի խնդրանքով վարել է ՎԱԶ 21074 մակնիշի 28 ՕՍ 785 պետհամարանիշի ավտոմեքենան` վերջինիս առաջարկած և ստույգ չնշված վայրը նրան տեղափոխելու համար: Սամսոն Պողոսյանը նստել է ավտոմեքենայի հետևի ձախ նստատեղին:

Հասնելով Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 6 շենքի դիմացի հատված` Սամսոն Պողոսյանի պահանջով կանգնեցնելու համար դանդաղեցրել է ավտոմեքենայի ընթացքը և այդ պահին Սամսոն Պողոսյանը ավտոմեքենայի մեջ թաքցված ինքնաձիգ հրազենով կրակահերթ է արձակել նշված շենքի դիմաց ճանապարհի վրա կանգնած, «ՀԱՄՄԵՐ» մակնիշի 02 ՕՍ 444 պետհամարանիշի ավտոմեքենայի մեջ նստած պատգամավոր Ռուստամ Գասպարյանի վրա, վերջինիս սպանելու դիտավորությամբ, որը սակայն հանցավորի կամքից անկախ հանգամանքներով չի մահացել, իսկ Ռաֆայել Շահվերդյանը առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի` Սամսոն Պողոսյանի և հանցագործության գործիքի` ինքնաձիգի նախապես չխոստացված պարտակումով, արագ վարելով ավտոմեքենան Սամսոն Պողոսյանին դեպքի վայրից հեռացրել է և փախուստի դիմելու հնարավորություն տվել:

Այսինքն` Ռաֆայել Աշոտի Շահվերդյանը մեղադրվում է ՀՀ քր.օրի 334.1-ին մասով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը, որը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 3 տարի ժամկետով: Կատարած արարքի համար ՀՀ քր. օր-ի 334 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ռաֆայել Աշոտի Շահվերդյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու դատարանին հայտնել « որ զղջում է կատարած հանցանքի համար եւ խնդրել իրեն ներել ու իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող մեղմ պատիժ:

Ի դեպ,  տուժողներ Ռուստամ Գասպարյանն ու Էդուարդ Սարգսյանը քաղ. հայցի կամ դրամական փոխհատուցման որևէ պահանջ չեն ներկայացրել եւ դատարանից խնդրել ամբաստանյալ Շահվերդյանի նկատմամբ նշանակել մեղմ պատիժ։

Ավելի վաղ Ռուստամ Գասպարյանը արձագանքելով NEWS.am-ի հարցին, թե արդյոք իր անտարբերությունը դատավարության նկատմամբ գալիս է նրանից, որ ոչ թե մահափորձի պատվիրատուն է  դատապարտվել, այլ ենթակա անձինք, նա ասել էր. «Դե բնական է: Խոսք կա չէ՞, ճորտը կռվում է, իսկ ճորտատերը` ճարպոտում»:

Նաև հավելել էր, որ ինքն իր համար պարզել է, թե ով է պատվիրատուն, բայց խնդրեց անուններ չհարցնել: Կայքը տեղեկացրել էր նաև, որ մահափորձ կատարողը` Սամսոն Պողոսյանը, ով դատապարտվել էր 8.5 տարվա ազատազրկման, 2012թ. վաղաժամկետ ազատ էր արձակվել:

Տեսանյութեր

Լրահոս