Հայաստանի և Էկվադորի միջև կներդրվի մուտքի արտոնագրի ազատականացված ռեժիմ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներառված հարցերի թվում է «ՀՀ կառավարության և Էկվադորի Հանրապետության կառավարության միջև մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության» մասին հարցը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից:

 

Փաթեթին կցված տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի ստորագրման նպատակն է նպաստել Հայաստանի և Էկվադորի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանմանը:

 

Տեղեկացնենք, որ մասնավորապես` 2007-2012թթ. Հայաստանի Հանրապետություն է այցելել Էկվադորի Հանրապետության ընդամենը 44 քաղաքացի:

 
Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություն Էկվադորի Հանրապետությունում, ինչը բարդացնում է երկու երկրների քաղաքացիների կողմից մուտքի արտոնագրի ձեռքբերումը:
Էկվադորի Հանրապետությունը վարում է մուտքի արտոնագրի ազատականացված ռեժիմի քաղաքականություն գրեթե բոլոր պետությունների հետ: Մուտքի արտոնագրի պահանջ է կիրառում այնպիսի պետությունների հանդեպ, ինչպիսիք են՝ Կուբան, Իրանը, Իրաքը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Պակիստանը և այլն:
ՀՀ կառավարությունը «Հայաստանի Կառավարության և Արգենտինյան Կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրումից հետո հաջորդական կարևոր քայլ է համարում Կենտրոնական և Հարավային Ամերիկայի մյուս պետությունների հետ ևս մուտքի արտոնագրի ազատականացված ռեժիմի անցումը:
Նման ազատականացված քայլերի իրականացմանը նպաստում է աշխարհագրական հեռավորության հետևանքով միգրացիոն փոխադարձ ռիսկերի բացակայությունը, ինչպես նաև այն, որ ՀՀ կառավարության գնահատմամբ՝ համաձայնագրի ստորագրումը ՀՀ պետական բյուջեում էական ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնի:

Տեսանյութեր

Լրահոս