Թբիլիսիում ողջ գիշեր շարունակվել են կալանավայրերում բռնությունների դեմ բողոքի ակցիաները
Ողջ գիշեր Գլդանի բանտում պահվող բանտարկյալների հարազատները տեսակցել են բանտարկյալների հետ: Դա հնարավոր է դարձել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով, որն այդ քայլով բանտարկյալների հարազատներին հնարավորություն է տվել համոզվել, որ նրանց հարազատներն իրենց նորմալ են զգում բանտում, տեղեկացնում է վրացական apsny.ge կայքը:
Նախագահի հրամանով՝ երեկ երեկոյան քրեակատարողական համակարգի բոլոր հիմնարկներում ներդրվել է պարեկային ոստիկանությունը, որն իր ձեռքն է վերցրել բանտերում կարգուկանոն հաստատելու և բանտարկյալների իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը: Բանտերում իրականացվում է նաև Վրաստանի ժողովրդական պաշտպանի ապարատի մոնիթորինգ:
Միևնույն ժամանակ, գիշերը Թբիլիսիում շարունակվել են ուսանողների ակցիաները, որոնց աջակցել է ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան: Ցուցարարները պահանջել են ներքին գործերի նախարար Բաչո Ախալայայի հրաժարականը, որը ավելի վաղ գլխավորել է պատիժների կատարման դեպարտամենտը: Ապա ցուցարարների մի մասը շարժվել է դեպի Գլդանի բանտ, իսկ մյուս մասը՝ դեպի խորհրդարանի շենք: Երկու ակցիաներն էլ ավարտվել են լուսադեմին: