Կառավարությունը կփոխի վարորդական իրավունք ստանալու կարգը
Վարորդական վկայական ստանալու կարգը կենթարկվի որոշ փոփոխությունների: Հարցը, ՀՀ ոստիկանության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի օրակարգում:
Նախատեսվում է կատարել հետեւյալ փոփոխությունները: Նախ, այն քաղաքացին, ով արդեն ունի վարորդական իրավունք, այլ կարգի վարորդական իրավունք ստանալու համար այլեւս տեսական քննություն չի հանձնի, քանի որ տեսական քննության հարցաշարարերը նույնն են բոլոր կարգերի համար:
Երկրորդ` գործնական քննությունն անցկացվելու է մեկ փուլով: Ներկայում գործող կարգով` գործնական քննությունն անցկացվում է ավտոհրապարակում, այնուհետ` ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում: Առաջարկվող փոփոխությամբ` քննությունը կանցկացվի միայն ավտոհրապարակում, դրա անհնարինության դեպքում` ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում:
Երրորդ` վարորդական իրավունք ստանալու համար քաղաքացին գրավոր դիմում չի ներկայացնի: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո դիմումատուն անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմնին:
Չորրորդ` հանվում է քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ համեմատելու պահանջըմ, փոխարենը ներդրվում է տեսական քննության հետ միաժամանակ հոգեբանական թեստ հանձնելու պահանջ: