Լուրջ չէ` բակի տղաների կամ նույն մանկապարտեզը հաճախած սաների գործողություններում ղեկավարի «մատը» տեսնել

Պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե` համարժե՞ք էր արդյոք միջազգային հանրության արձագանքը Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու խնդրի առնչությամբ, հատկապես, երբ շատերը տարօրինակ են համարում մասնավորապես Ռուսաստանի ուշացած և ոչ այնքան բարձր մակարդակով արված հայտարարությունը` հաշվի առնելով նաև այն տեղեկությունները, որ Սաֆարովի արտահանձնման գործընթացին նպաստել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցի ադրբեջանցի գործարարը, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց.

«Կարծում եմ` լուրջ չէ Պուտինի կամ ՌԴ-ի նման ազդեցիկ որևէ երկրի ղեկավարի համակուրսեցիների, համադասարանցիների, բակի տղաների կամ նույն մանկապարտեզը հաճախած սաների գործողություններում ղեկավարի «մատը» տեսնելը, թեև, ցավոք, Հայաստանում դա երևի շատերի երևակայության սահմանն է: Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա ակնհայտ է, որ այն համասեռ և մեկ կենտրոնից կառավարվող կազմակերպություն չէ, արձագանքներն էլ չեն կարող նույնաբովանդակ լինել: Առավել ևս, որ տարբեր միջազգային կազմակերպություններ գլխավորում են միանգամայն տարբեր փորձ, գիտելիքներ ու շահեր ունեցող մարդիկ, որոնք, դրանից զատ, այս կամ այն չափով հաշվի են առնում նաև իրենց երկրների ու այդ կազմակերպությունների շահերը»:

Տեսանյութեր

Լրահոս