
Հակաամերիկյան ցույցեր և անկարգություններ նաև Երուսաղեմում

Երուսաղեմում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ: Երթը, որին մասնակցել է մի քանի հարյուր պաղեստինցի, արագ վերածվել է ոստիկանության հետ բախման:
Ինչպես հաղորդում է RBK-ն, ցուցարարները քարեր են նետել իրավապահ մարմինների վրա, վերջիններս, իրենց հերթին, պատասխանել են արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով: Բախման հետևանքով առնվազն 20 պաղեստինիցի դիմել է բժշկական օգնության:
Երթը սկսվել է Շուֆաթ ճամբարում, իսկ հետո մասնակիցները հասել են մինչև Երուսաղեմի արևմտյան թաղամասեր: Հենց այնտեղ էլ սկսվել են ոստիկանության հետ բախումները:
Շուրջ 200 երիտասարդներ սկսել են քարեր և դյուրավառ հեղուկով շշեր նետել ոստիկանական անցակետի վրա: Ամբոխը ցրվել է ոստիկանական ուժերի կողմից: Այժմ իրավիճակը գնահատվում է հանգիստ, ոստիկանների շրջանում տուժածներ չկան:
Երեկ նմանատիպ բողոքի ակցիա է տեղի ունեցել Ռամալլայում, որն անցել է խաղաղ: