Րաֆֆիի Ուխտը` Սերժի դռանը
«Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը Հանրապետության 21-րդ տարեդարձի առթիվ հանդես է գալու ուղեգծային ելույթով: Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին` ուղիղ կեսօրին, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ)` Երզնկյան փողոց 75»,- այս մասին այսօր հայտարարություն է տարածել ՌԱՀՀԿ-ն:
Տեղեկացնենք, որ Ր. Կ. Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով վերջերս է հրաժարվել պատգամավորական մանդատից: Մեծ է հավանականությունը, սակայն, որ ի հեճուկս իր սովորության, այս անգամ նա չի հրաժարվի մանդատից հրաժարվելու իր դիմումից: Դրա մասին է վկայում նաև վերը նշված հաղորդագրությունը, որը Ր. Հովհաննիսյանի ելույթը փորձ է անում ներկայացնել՝ որպես դարակազմիկ իրադարձություն:
Ինքը` Ր. Հովհաննիսյանը, մանդատից հրաժարվելով, իր կարծիքով՝ ներկայանում է «համազգային կերպարի դերում», ով վեր է կուսակցությունից, պատգամավորական մանդատից, ամեն ինչից: Ու պատահական չէ, որ այդ հարցում Ր. Հովհաննիսյանն ընտրել է իր երբեմնի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղին (անկախության առաջին տարիներին նա Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը): Տեր-Պետրոսյանը 2007 թվականին քաղաքականություն վերադարձավ սեպտեմբերի 21-ին` «Մարիոթ» հյուրանոցում կայացած հայտնի միջոցառմամբ:
Րաֆֆին, իհարկե, 10 տարի չի լռել, սակայն, իր կարծիքով՝ մի քանի ամսվա լռությամբ ապահովել է խորհրդավորությունն իր անձի շուրջ: Ու հիմա` անկախության նախօրեին, ամենայն հավանականությամբ, հայտարարելու է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Ուշագրավ է այդ բարեբաստիկ իրադարձության մասին պատմող հաղորդագրության մեջ Ր. Հովհաննիսյանի ելույթի բնութագրումը` «ուղեգծային»: Ուշագրավ է այն առումով, որ Ր. Հովհաննիսյանի վերջին «արարումը» ոչ միայն «ուղեգծային» չէր, այլ նույնիսկ «զիգզագ» էր: Խոսքը Հայաստանի լեռնային ռելիեֆը շարժելու մասին Ր. Հովհաննիսյանի խոստումների ու խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակված «Ուխտ Նոր Հայաստանի» տխրահռչակ փաստաթղթի մասին է, որն այդ փուլում իրավացիորեն ասոցիացվեց սապատավոր հայտնի կենդանու հետ:
Թե՛ «Ժառանգության» անդամները, թե՛ նրանց հետ դրա տակ ստորագրած «Ազատ դեմոկրատներն» ու հանրային սեկտորի ներկայացուցիչները կարծես մոռացել են դրա մասին: Մինչդեռ «Ուխտում» շատ հիշարժան դրույթներ կային, որոնք դրա տակ ստորագրողների կողմից ընդամենը մի քանի ամիս առաջ հռչակվում էին՝ որպես «ուղեգծային»: Այդ փաստաթղթի անհեթեթություններից, իհարկե, ամենահիշվող դրույթն այն էր, որ «Ուխտը» ստորագրողները հաստատում էին «որոշումների կոլեգիալ ընդունման կարգը` Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների և ուղենիշների հանգույն»: Սակայն այդ փաստաթղթում կան բազմաթիվ այլ «ուղեգծային» դրույթներ: Ինչպես, օրինակ, այս մեկը. «Մենք միատեղ ուխտ ենք անում անշահախնդիր և անմնացորդ հանրային ծառայության»:
Անցած շաբաթվա իրադարձությունները ցույց տվեցին, որ «Ուխտի» տեքստում տպագրական սխալ է թույլ տրվել, ինչպես` «Ժառանգության» ընտրական հանձնաժողովների ցուցակներում: «…անմնացորդ հանրային ծառայության» արտահայտության մեջ դուրս է մնացել «սեկտոր» բառը: Իրականում «Ուխտի» այդ հատվածը պետք է ունենար հետևյալ տեսքը. «…անմնացորդ ծառայություն հանրային սեկտորին»: Քանի որ Ր. Հովհաննիսյանի միակ «հանրային ծառայությունն» առայժմ այն է եղել, որ նա հրաժարվել է պատգամավորական մանդատից` հօգուտ հանրային սեկտորի ներկայացուցիչ Թևան Պողոսյանի, ով, ի դեպ, չէր էլ թաքցնում նախագահական նստավայրի հետ իր կապերը:
Այսինքն` Ր. Հովհաննիսյանը խորհրդարանական ընտրություններից հետո ընդամենը մեկ հրապարակային քայլ է արել, այն էլ՝ իշխանությունների օգտին: Սեպտեմբերի 20-ին Րաֆֆի Հովհաննիսյանը, բնականաբար՝ հնարավորինս անհասկանալի տեքստով, կշարունակի այդ գիծը, ավելի ճիշտ՝ «ուղղագիծը»: Հետաքրքիր է միայն, թե ուխտադրժության հերթական քայլից հետո ի՞նչ է լինելու «Ուխտ Նոր Հայաստանիի» հետ:
Անկախ ամեն ինչից, ափսոս էր Ուխտը: