Իգդիրից դեպի Հայաստանի սահման ճանապարհը թուրքերը ինտենսիվորեն նորոգում ու լայնացնում են
Իգդիրի նահանգի Քարաքոյունլու շրջանում՝ դեպի Հայաստանի սահման տանող Ալիջանի սահմանակետի ճանապարհին, ընթանում են ասֆալտապատման նոր աշխատանքներ: Բացի այդ, տարվում են ճանապարհի ընդլայնման աշխատանքներ. հայտնում է թուրքական Haberler.com կայքը:
Այդ ամենն անհանգստացրել է տեղական բնակչությանը, որը կարծում է, թե ճանապարհի վրա կատարվող ինտենսիվ աշխատանքները կարող են կապված լինել հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետ: Ճանապարհաշինարարները, սակայն, հերքել են դա՝ ընդգծելով, որ իրենք պարզապես ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում՝ երթևեկության բարելավման նպատակով:
Ասֆալտապատման աշխատանքներին անդրադարձել է նաև Թուրքիա-Ադրբեջան միության Իգդիրի մասնաճյուղի ղեկավար Սերդար Ունսալը. «Չենք հասկանում, թե ինչու է այս ճանապարհը զրոյական մակարդակից հաստացվում 7 սանտիմետրով: Ճանապարհն ուներ նորմալ ասֆալտ: Մենք չգիտենք, թե ինչու են ճանապարհի որոշ հատվածներում իրականացվում նաև ընդլայնման աշխատանքներ:
Մեր վարչապետը խոսք էր տվել, որ քանի դեռ չի վերջացել ադրբեջանական տարածքների «օկուպացիան», այս սահմանը չպետք է բացվի: Մենք վախենում ենք, որ այս ճանապարհի ասֆալտապատումը կարող է կրկին անգամ օրակարգ բերել սահմանի բացման հարցը»: