Բաժիններ՝

Նախարարը հանձնարարել է գրադարանի շինաշխատանքների նյութերը հանձնել դատաքննչական մարմիններին

Սեպտեմբերի 18-ին կայացած քաղաքաշինության նախարարության  գործակարգավարական հերթական խորհրդակցության ընթացքում,  ի շարս այլ հարցերի, նախարար Սամվել Թադեւոսյանն անդրադարձավ Քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից անցկացվող մրցույթների բաց, թափանցիկ կազմակերպման անհրաժեշտությանը:

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Թադեւոսյանը հանձնարարեց անմիջական իր հսկողությամբ եւ փոխնախարար Ալեքսան Կարապետյանի գլխավորությամբ  ստեղծել հանձնաժողով, որը կիրականացնի Քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից կազմակերպվող մրցույթների եւ շինարարական աշխատանքների ամենօրյա օպերատիվ  հսկողությունը, ինչպես նաեւ կապահովի ԾԻԳ-ի գործունեության բաց եւ թափանցիկ գործելաոճը: Պարոն Թադեւոսյանը կարեւորեց մրցույթների անցկացման ժամանակ զանգվածային լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը, հանձնարարեց մրցույթների հրապարակայնությունն ապահովելու նպատակով` մրցույթների անցկացումը օն-լայն ռեժիմով ցուցադրել համացանցում:

Նույն օրը նախարար Թադեւոսյանը խորհրդակցություն անցկացրեց Քաղաքաշինական ԾԻԳ-ի անձնակազմի հետ` խստագույնս զգուշացնելով, որ նախարարությունը հետեւողական է լինելու թերացումների ու չարաշահումների նկատմամբ եւ խիստ միջոցներ է ձեռնարկելու ցանկացած փոքր փաստի հայտնաբերման դեպքում: Պարոն Թադեւոսյանը փոխանցելով հանրապետության նախագահի նախորդ շաբաթ կառավարության խորհրդակցության ժամանակ հնչեցրած հանձնարարականը շեշտեց, որ  թերացումների դեպքում այլեւս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու, թերացողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Հանրապետության նախագահի բարձրացրած մեկ այլ խնդրի առնչությամբ. տեղում շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով, օրվա ընթացքում քաղաքաշինության նախարարն  այցելեց  Հանրային գրադարան: Տեղեկացնենք, որ Հանրային գրադարանում կատարված շինարարական աշխատանքների ընթացքը պարզելու նպատակով արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ուսումնասիրություններ է իրականացվում նախարարությունում ստեղծված հանձնաժողովի կողմից: Գրադարանի տնօրինության հետ հանդիպումից եւ շինաշխատանքներին ծանոթանալուց հետո, քաղաքաշինության նախարարը հանձնաժողովին խստորեն հանձնարարեց հնարավորինս սեղմ ժամկետում ամփոփել ուսումնասիրությունները եւ նյութերը հանձնել դատաքննչական մարմիններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս