
Թուրք-սիրիական սահմանին տեղաբնակների ու փախստականների միջև լարվածությունն աճում է

Սիրիայի գծով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լաhդար Բրահիմին այցելել է Հաթայ նահանգում գտնվող սիրիացի փախստականներին: Հաթայի նահանգապետ Մեհմեթ Լեքեսիզը Բրահիմիին կոչ է արել աջակցել սիրիացի փախստականներին միջազգային օգնության ցուցաբերմանը՝ հումանիտար աղետից խուսափելու համար.
«Թուրքիան օրական ընդունում է մոտ 500 սիրիացի փախստականի: Մեր տվյալներով՝ մոտ 10,000 մարդ սպասում են, որ հատեն սահմանը, սակայն դա չեն կարողանում անել, քանի որ մեր ճամբարներում այլևս տեղ չկա»:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ տարածաշրջանում մեծանում է տեղաբնակների և սիրիացի փախստականների միջև լարվածությունը:
Դրա հետ կապված՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության, Հաթայ նահանգում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց մասնակցել է մոտ 1500 մարդ: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չեն ցանկանում իրենց տարածաշրջանում տեսնել սիրիացի փախստականներին և կոչ են արել նրանց արտաքսել դեպի իրենց հայրենիք: Ներկայումս Թուրքիայի հարավարևելյան շրջաններում է գտնվում մոտ 80,000 սիրիացի փախստական: