Նալբանդյանը ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարին
Սեպտեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնին:Այս մասին 168.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանն ասել է. «Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները քսանամյակը և կարող ենք փաստել, որ կողմերի միջև համագործակցությունը կայուն հիմքերի վրա է»:
Նախարար Լիդինգտոնը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես երկարաժամկետ և արժեքավոր գործընկեր ու իր այցելության նպատակը և ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է:
Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ նախարար Լիդինգտոնի պատվիրակության կազմում ներգրավված են նաև գործարարներ, ինչը հնարավորություն կընձեռի նոր լիցք հաղորդել տնտեսական փոխգործակցությանը:
Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը տեղեկացրել է, որ մոտ ապագայում ծրագրվում է բրիտանացի գործարարների խոշոր պատվիրակության այցելություն կազմակերպել Հայաստան:
Զրուցակիցները կարևորել են Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի զարգացմանը, ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների աջակցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, Բրիտանական խորհրդի կրթամշակութային գործունեությունը:
Քննարկման գլխավոր թեմաներից էր Հայաստան-Եվրամիության համագործակցությունը և այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը և ընթացող բանակցությունները, այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացը:
Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն և Լիդինգտոնը անդրադարձել են մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների, մասնավորապես՝ մերձավորարևելյան զարգացումներին և Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առկա իրավիճակը:
Անդրադարձ է կատարվել հունգարաադրբեջանական գործարքի արդյունքում մարդասպան Սաֆարովի ազատ արձակման պատճառով տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը հասցված հարվածին: Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը նշել է, որ ՄԹ սատարում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը նշել է, որ Սաֆարովի ազատ արձակման առնչությամբ իր երկիրը լիովին կիսում է Եվրոպական Միության, Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների դրույթները: