ՀՅԴ-ն կազմակերպել է հասարակական նախաձեռնություն` սիրիահայերին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար

Սիրիահայերին հումանիտար օգնություն ուղարկելու և սիրիահայերին և ընհանրապես Սիրիայի ժողովրդին Հայաստանի և հայ ժողովրդի աջակցությունը ցուցաբերելու նպատակով Հայաստանում ստեղծվել է «Օգնի´ր եղբորդ» հասարակական նախաձեռնությունը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը և Համազգային հիմնադրամի նախագահ, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:

«Հայաստանում հասարակությունը, հասկանալով Սիրիայում իրավիճակի բարդությունը, հասկանալով, որ, ցավոք սրտի, հեշտ ու արագ լուծում այս խնդիրը չի ունենալու, քիչ հավանական է, որ սիրիական հակամարտությունն արագ և անարյուն ավարտվի, գիտակցության է եկել, որ այսօր Հայաստանի ու հայ ժողովրդ պարտքն է ամեն ինչ անել, որպեսի Սիրիայի հայությունը զգա մեր հոգատարությունը:

Սիրիայի մեր հայրենակիցներն անպաշտպան չեն և բոլորովին հնարավորություններից զրկված չեն, բայց պետք է նաև խոստովանել, որ այնտեղ կան շատ չքավոր ընտանիքներ, և նրանց օգնելու պարտավորությունը Հայաստանի և հայ ժողովրդի վրա է: Պետք է ասեմ, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ Հայաստանում միավորվել են մեկ կարևորագույն քաղաքացիական նախաձեռնության շուրջ` «Օգնի´ր եղբորդ»: Եվ այդ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր իր ստեղծման մասին է հայտարարում ամբողջ մեր ժողովրդին: Պետք է ասեմ, որ հայտարարությունն այսօր է հնչում, բայց բավական գործ արդեն արվել է, և առաջին ինքնաթիռը հումանիտար օգնությամբ մոտ օրերս Հայաստանից կմեկնի Սիրիա»:

Վ. Հովհաննիսյանն ավելացրեց, որ այս գործում հսկայական ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Իսկ Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց, որ սիրիահայերին օգնելու համար ստեղծվել է բանկային հաշիվ: «Սիրիական հարցը մեզ համար ունի բարոյական և զգացական երեսներ, և «Օգնի´ր եղբորդ» կարգախոսը տեղավորվում է այդ բարոյական և զգացական տանիքի տակ, որովհետև մենք անտարբեր լինելու իրավունք պարզապես չունենք: Հումանիտար աղետը Սիրիայում մեծանում է, և այնտեղ դեղորայքի, սննդի կարիք կա, և մենք այն համոզումն ունենք, որ «Օգնի´ր եղբորդ» կարգախոսի տակ և բացված հաշվեհամարում կներդրվեն գումարներ, որոնք հումանիտար ճանապարհով կհասնեն Սիրիա և կաջակցեն ոչ միայն սիրիահայ համայնքին, այլև ընդհանրապես կարիքավոր սիրիացի ընտանիքներին»,- ասաց Լ. Գալստյանը` ավելացնելով, որ նորաբաց հաշվեհամարին արդեն առաջին 1 մլն դրամը փոխանցված է, և բեռնատար ինքնաթիռի գրեթե կեսն արդեն ապահովված է, սակայն դեռ պարենի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների կարիք կա:

Բանախոսները շեշտեցին, որ սիրիահայության հարցը շատ նուրբ է, և պետք է զգույշ լինել հումանիտար օգնությունը քաղաքական շահարկումներից զերծ պահելու համար: «Սա հասարակական նախաձեռնություն է, սա կուսակցական նախաձեռնություն չէ, և այն կուսակցականացնել պետք չէ:

Բնականաբար ամենաակտիվ դերն է խաղալու, որովհետև սիրիահայ համայնքում ամենից ճկուն կառույցը ՀՅԴ-ն ունի, բայց շատ ակտիվ ներգրավված են նաև այլ կազմակերպություններ, և հատկապես Հայ առաքելական եկեղեցին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե ում օժանդակությամբ է հիմնադրամը ստացել առաջին ֆինանսական փոխանցումը, Վ.Հովհաննիսյանը պատասխանեց.«Դաշնակցության»:

 


 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս