Վարդան Այվազյանին 7 ծանուցագիր են ուղարկել
«Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղյակ է եղել Նյու Յորքի Դաշնային դատարանի կայացրած դատավճռի մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար հոգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի («ԳԳՄ»)։ Կատարողական թերթը տրամադրվել է դատավոր Զեյ Փոլ Օտկենի (J. Paul Oetken) որոշման հիման վրա և այդ որոշումը (թիվ. 12,1260) առանց բողոքարկման, վերջնական ուժի մեջ մտնելուց հետո։ Կատարման թերթի պայմաններով ԳԳՄ-ի օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունութ ԱՄՆ դոլար և երկու ցենտ ($37,537,978.02):
«Վճիռն ընդունվել է 2012թ. հուլիսի 10-ին: Պարոն Այվազյանը ծանուցվել է դրա վերաբերյալ: Վճիռը հրապարկվելուց հետո նրան ուղարկվել է նաև վճիռը: 7 ծանուցում է եղել պարոն Այվազյանին` ներառյալ նաև վճիռը, ինչը հանրորեն վճիռ է, և կա նաև համացանցում: Իրավաբաններն, այո’, վճիռն ուղարկել են նրան, ընդ որում` երկու հասցեով: Իսկ մինչ այդ բոլոր դատական փաստաթղթերն ուղարկվել են նրան, միայն 2012թ. եղել է 7 տարբեր ծանուցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Պողոսյանը` հրաժարվելով մեկնաբանել Վ. Այվազյանի այն պնդումները, թե ինքը դատավճիռ մասին տեղեկացել է համացանից, և որ որևէ ծանուցում չի ստացել: