
ՆԱՏՕ-ի զինծառայողները ձերբակալել են «Թալիբանի» առաջնորդներից մեկին

ՆԱՏՕ-ի զինծառայողները ձերբակալել են «Թալիբան» շարժման առաջնորդներից մեկին: Ենթադրվում է, որ նա մասնակից է Գիլմենդ մարզում ՆԱՏՕ-ի «Քեմփ Բաստիոն» ռազմաբազայի վրա հարձակմանը, որի զոհ էր դարձել երկու ամերիկացի ծովային հետևակ:
«Անվտանգության ուժերը բարեհաջող կերպով բռնել են «Թալիբան»-ի առաջնորդին՝ աֆղան զինծառայողների և «Քեմփ Բաստիոն»-ի հարձակման համար պատասխանատու զինյալներին հետապնդելու հարցերով կոալիցիայի համատեղ ջանքերից արդյունքում»,- ասվում է ISAF-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Դրանում նաև ասվում է, որ ձերբակալվածը աջակցություն է ցուցաբերել բազայի վրա հարձակվողներին, սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչ օգնություն: Ձերբակալվածի անունը նույնպես չի հաղորդվում:
«Քեմփ Բաստիոն» ռազմաբազան, որտեղ ծառայություն է անցնում Բրիտանիայի արքայազն Հարին, հարձակման էր ենթարկվել սեպտեմբերի 14-ին: Մարտի ժամանակ ոչնչացվել էր 6 ռազմական ինքնաթիռ: