Մեղրիի քաղաքապետը «նստած որոշում է»` մտնի՞ ՀՀԿ, թե՞ ոչ
168.am-ը փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ Մեղրիի անկուսակցական, նորընտիր քաղաքապետ, անհատ ձեռներեց Արշավիր Հովհաննիսյանից, թե ինչո՞վ է պայմանավորված իր` ՀՀԿ անդամ դառնալը:
Հիշեցնենք, որ այսօր Մեղրիից մեզ տեղեկացրել էին, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ճնշումների արդյունքում՝ Ա. Հովհաննիսյանը համալրել է ՀՀԿ շարքերը:
Սակայն վերջինս մեզ հետ զրույցում նախ ասաց, թե ինքը դեռևս անկուսակցական է, և ճիշտ չեն տարածված լուրերը: «Ընդհանրապես էդ լուրերը, ինչի մասին խոսում են, մի տառ անգամ ճիշտ չի: Բոլորը սխալ ա: Նախ` ես դեռևս ՀՀԿ անդամ չեմ, և առհասարակ, ոչ մեկը ոչ մի անգամ ինձ ոչ ստիպել ա, նույնիսկ չեն էլ ակնարկել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Այնուամենայնիվ, Ա. Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք ՀՀԿ շարքերը համալրելու առաջարկ ստացել է: Ի պատասխան, քաղաքապետն ասաց. «Եթե ՀՀԿ անդամ դառնալը Մեղրի քաղաքին որևէ օգուտ, որ զգամ, տալիս ա` միայն այդ պայմաններում հնարավոր է` դառնամ: Եվ հիմա մենք նստած տղաներով էդ հարցն ենք քննարկում: Իսկ ինչ վերաբերում է ինձ ստիպելուն` մարզային իշխանությունների կողմից, կամ մի մարդու կողմից` նման բան գոյություն չունի»:
Մեր հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ շարքերն անցնելով` հուսախաբ չի անի իր ընտրազանգվածին, քանի որ Մեղրիի բնակիչների ասելով` իրենք Ա Հովհաննիսյանին ընտրել են՝ որպես անկուսակցական, և չէին ցանկանա նրան տեսնել այս կամ այն կուսակցության կազմում, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես հիմա նստած խոսում եմ իմ բնակչության հետ, որոնք որ ինձ ընտրել են: Եվ ուզում ենք մի որոշման գալ: Ես ուզում եմ նրանց կարծիքը լսել, և, ընդհանրապես, մտածում եմ հետևյալ ձևով` արդեն նշեցի, որ եթե իմ` ՀՀԿ-ում ընդգրկվելը, դրանով որևէ բան դրական առումով փոխել կարողանամ, պատրաստ եմ մտնել, իսկ եթե ոչ մի բան չի փոխելու` ես չեմ գնա: Ես երբևէ կուսակցության անդամ չեմ եղել: Ամբողջ կյանքում եղել եմ անկուսակցական»:
Ի դեպ, վերջերս henaran.am-ի հետ զրույցում Ա. Հովհաննիսյանն ասել էր, թե ինքը մնալու է անկուսակցական: «Եթե թույլ տրվի էսպես ասել, իմ կուսակցությունը Հայ առաքելական եկեղեցին է: Վերջ»,- ասել էր նա: