Ուկրաինայում սպանել են տեղացի հայ գործարարի եղբորը
Ուկրաինայի Խարկով քաղաքի կենտրոնում սեպտեմբերի 16-ին անհայտ անձինք գնդակահարել են 25-ամյա հայ երիտասարդի: Միջադեպի հետևանքով մի տղամարդ էլ վիրավորվել է,սակայն նրան հաջողվել է փախուստի դիմել, հայտնում է Analitika.at.ua.-ն:
Ըստ աղբյուրի՝ հայ երիտասարդը 13 հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել:
Նախնական տվյալներով՝ նա Պեսոչինսկիի գյուղխորհրդի պատգամավոր, գործարար, շինարարական բիզնեսի սեփականատեր Արմեն Ալեքսանյանի եղբայրն է:
Հարձակվողները հունգարական արտադրության 2 ատրճանակ են օգտագործել:
29-ամյա վիրավոր տղամարդը ոստիկանությանը պատմել է, որ տեսել է գործարարի եղբորը սպանողին. նա իջեցված պատուհանից զրուցել է «Պրադոյի» ղեկին նստած 25-ամյա հայի հետ: Հենց այդ պահին էլ տեղի է ունեցել հարձակումը: Վիրավոր տղամարդուն հաջողվել է փախչել, իսկ հայի դին հետագայում հայտնաբերել են փողոցում:
Իրավապահների նախնական վարկածով՝ սպանության պատճառը բիզնեսն է: