ՄԱՊ-ի Ալիկի որդու ընկերները 1 միլիոն գրավի դիմաց ազատ են արձակվել
Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված 30-ամյա ոմն Կարլեն Ե.-ն և 32-ամյա Զոհրաբ Ե.-ն դատարանի որոշմաբ գրավի դիմաց ազատ են արձակվել: Այս մասին NEWS.am-ին փոխանցել են ոստիկանության Արմավիրի բաժնից:
Յուրաքանչյուրի դիմաց վճարվել է 500.000 դրամ: Նրանք ազատ են արձակվել սեպտեմբերի 15-ին:
Հիշեցնենք, որ ՄԱՊ ՓԸ ընկերության գլխավոր տնօրեն, Աժ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդի Մակար Պետրոսյանը հրավիրվել է Ոստիկանության Արմավիրի բաժին: Ըստ NEWS.am-ի աղբյուրի, Մակար Պետրոսյանին հարցաքննել են Բամբակաշատ գյուղում տեղի ունեցած հայտնի ծեծի գործով և բաց թողել:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 19:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում` հարցականով, գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ, աջ և ձախ վերին և ստորին կոպերի ենթամաշկային հեմատոմաներ, քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1973թ. ծնված Արամ Մելիքյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում անհայտ անձինք վիճաբանել են Արամ Մ.-ի հետ, ծեծի ենթարկել նրան և պատճառել վնասվածքներ: Արամ Մ.-ից ընդունվել է հաղորդում եւ նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը ձերբակալել էր 30-ամյա ոմն Կարլեն Ե.-ին և 32-ամյա Զոհրաբ Ե.-ին: Սակայն լրատվամիջոցների փոխանցմամբ, ծեծը կազմակերպել էր հենց Մակար Պետրոսյանը: