
Ստամբուլում մեկնարկում է միջուկային ծրագրի շուրջ ԵՄ-Իրան բանակցությունների հերթական փուլը

Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը և Իրանի ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալին երեքշաբթի Ստամբուլում կանցկացնեն իրանական միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունների հերթական փուլը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում կատարելով Էշթոնի ներկայացուցչի հայտարարությանը:
«Չնայած նրան, որ այս հանդիպումը չի դիտարկվի որպես պաշտոնական բանակցությունների փուլ, այն հնարավորություն կտա ևս մեկ անգամ Իրանին հիշեցնել անհապաղ և գործնական քայլերի անհրաժեշտության մասին: Դրանք անհրաժեշտ են վստահության ամրապնդման և առավել մեծ ճկունության դրսևորման համար ի պատասխան այն առաջարկներին, որոնք արվել են Իրանին նախորդ բանակցությունների ընթացքում», – հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:
Երկուշաբթի, ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Վիեննայում գործակալության համաժողովի ժամանակ հայտարարել է, որ միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը չի կարող երաշխիքներ տալ, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու հետ կապված տեխնոլոգիաներ չի մշակում:
Նրա խոսքով, Թեհրանը «անհրաժեշտ համագործակցություն չի տրամադրում, որ մենք կարողանանք նման հավաստիացումներ տալ և հայտարարենք չհայտարարագրված նյութերի բացակայության մասին»: