Հակաճապոնական ցույց Թայվանում
Թայվանի մայրաքաղաք Թայբեյում այսօր ավելի քան 100 ակտիվիստներ ակցիա են անցկացրել խորհրդարանի շենքի դիմաց՝ կապված Ճապոնիայի կողմից վերահսկվող Սենկակու կղզիների շուրջ առաջացած վեճի հետ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ցուցարարները այրել են Ճապոնիայի դրոշը և կոչ արել համագործակցել Չինաստանի հետ վիճելի տարածքները վերադարձնելու համար պայքարում: Նրանք նաև ԱՄՆ-ին մեղադրել են Տոկիոյին աջակցելու մեջ: Սակայն Թայվանի նախագահ Մա Ինցզյուն հայտարարել է, որ Թայբեյը չի պատրաստվում համագործակցել Պեկինի հետ՝ նշելով, որ դա կարող է վնասել Թայվանի և Ճապոնիայի հարաբերություններին:
Թայվանը, Չինաստանը և Ճապոնիան հավակնում են Արևելաչինական ծովի 5 անմարդաբնակ կղզիներին, որոնք գտնվում են Թայվանից 200 կմ և ճապոնական Նահա քաղաքից 400 կմ հեռավորության վրա:
Անցյալ շաբաթ Ճապոնիան հայտարարեց, որ այդ կղզիները գնել է մասնավոր սեփականատիրոջից: Դրանից հետո Թայվանը հետ կանչեց իր դեսպանին Տոկիոյից, իսկ Չինաստանում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր: