Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչի իրականացրած պայթյունից առնվազն 10 մարդ է զոհվել
Քաբուլում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, հաղորդում է lenta.ru-ն`վկայակոչելով Agence France-Presse-ին: Ինչպես հայտնում են տեղական իշխանությունները՝ զոհերից 9-ն օտարերկրացիներ են: Վիրավորվել են նաև աֆղանստանցի 2 ոստիկաններ:
Մահապարտը պայթեցրել է իրեն Քաբուլի օդանավակայան տանող ճանապարհին: Պայթունը որոտացել է օտարերկրացիների տեղափոխող միկրոավտոբուսի մոտ:
Գաղտնիության պայմանով գործակալության հետ զրույցում մի պաշտոնյա հայտնել է, որ զոհված օտարերկրացիները Քաբուլի օդանավակայանում աշխատող մասնավոր կազմակերպության աշխատակիցներ են եղել: Թե որ երկրի քաղաքացիներ են զոհերը, հայտնի չէ:
Ի դեպ, Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի խոսնակ Ստեպան Անիկեևը BBC-ին տված հարցազրույցում հերքել է Քաբուլում զոհված ռուս օդաչուների մասին տեղեկությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ միկրոավտոբուսում եղել են օդաչուներ Ռուսաստանից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից:
Reuters-ը հայտնում է, որ պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Հեզբ-է-իսլամի» խմբավորումը և որ այն իրականացվել է ի պատասխան հակաիսլամական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի: Խմբավորման ներկայացուցիչը հայտնել է նաև, որ մահապարտը կին է եղել: