«Հըզբոլլահի» ղեկավարը հակաամերիկյան մեծաքանակ ցույց է կազմակերպել Լիբանանում
«Հըզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլահը Լիբանանում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցին հանդես է եկել ելույթով՝ ուղղված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Հարկ է նշել, որ Նասրալլահը 2006 թվից հետո, երբ «Հըզբոլլահը» մեկ ամիս պատերազմի մեջ էր Իսրայելի հետ, հազվադեպ է երևում հանրությանը: Դրանից հետո Նասրալլահը գտնվում է ընդհատակում՝ զգուշանալով իր դեմ մահափորձից և նախընտրում է իր հետևորդների հետ շփվել հեռակա կապի կամ մամուլի ասուլիսների միջոցով:
Սակայն սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած բողոքի ակցիային նա, տասնյակ հազար համախոհներով շրջապատված, դիմել է Մուհամմեդ մարգարեին՝ նրան առաջարկելով իր արյունը՝ հանուն աստվածային արժանապատվության պաշտպանության:
«Սա լուրջ շարժման սկիզբ է, որը պետք է շարունակվի ամբողջ իսլամական աշխարհում՝ ի պաշտպանություն մարգարեի: Մենք չենք լռի՝ ի պատասխան մեր մարգարեի դեմ անարգանքի»,- հայտարարել է Նասրալլահը: Նրա ելույթը հնչել է ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ: Ֆիլմը հանգեցրել է բողոքի ալիքի ողջ իսլամական աշխարհում: Հակաամերիկյան ցույցեր են տեղի ունեցել Լիբիայում, Եմենում, Թունիսում, Եգիպտոսում, Սուդանում և Ավստրալիայում: