Մեքսիկայում բանտից 132 բանտարկյալ է փախել

Մեքսիկայի՝ ԱՄՆ-ի սահմանի մոտ գտնվող Կոաուիլա նահանգի Պյեդրաս Նեգրաս քաղաքի բանտից փախել է 132 մարդ: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 17-ին:

Բանտարկյալները բանտից դուրս են եկել թունելով: Թունելի երկարությունը կազմել է 7 մ, լայնությունը` 1,2 մ, խորությունը` 2,9 մ, հայտնում է Reuters-ը` հղում անելով տեղական իշխանություններին:

Կոաուիլայի անվտանգության ծառայությունում չեն բացառում, որ  բանտի պահակները կարող էին կաշառված լինել, հայտնում է «lenta.ru»-ն:

Իշխանությունները 200 հազար պեսո (15,7 հազար դոլար) պարգեւ են խոստացել փախստականների մասին տեղեկության համար: Զանգվածային փախուստի մասին տեղեկացված են նաեւ ԱՄՆ-ի սահմանապահները:

Պյեդրաս Նեգրասի բանտում պահվում են 734 բանտարկյալներ:

Այդ փախուստը դարձել է Մեքսիկայում ամենախոշորը վերջին տարիների ընթացքում: 2010 թվականի վերջին ավելի քան 150 բանտարկյալ  փախել էր Նուեւո Լարեդո  քաղաքի բանտից:

Տեսանյութեր

Լրահոս